ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքի հարցին։ Պետքարտուղարության պաշտոնական կայքէջում հրապարակվել է Պատելի և ասուլիսին մասնակցող լրագրողների հարցուպատասխանը։
Լրագրողը Պատելին հարց է ուղղել, թե արդյոք ԱՄՆ–ն պատրաստվում է լրացուցիչ քայլեր ձեռնարկել, քանի որ Ադրբեջանի կառավարությունը շարունակում է անտեսել նախկինում Պետդեպարտամենտի կողմից արված բոլոր կոչերը՝ ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Արդյոք ձեռնարկվում են քայլեր համոզվելու համար, որ Լեռնային Ղարաբաղում կբարելավվի գրեթե աղետալի հումանիտար իրավիճակը։
«Մենք դեռ չենք դիտարկել Լաչինի միջանցքով տրանսպորտի, մարդկանց և առևտրի ազատ տեղաշարժի անհրաժեշտության մասին հարցը։ Դա մի բան է, որը մենք կշարունակենք քննարկել անմիջապես մեր հայ գործընկերների հետ»,– ասել է Պատելը` պատասխանելով լրագրողի հարցին։
Նա նաև անդրադարձել է այն հարցին, թե արդյոք առաջիկա օրերին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները նոր հանդիպումներ ունենալու են, թե ոչ։ Պատելը նշել է, որ այս պահին նոր տեղեկություններ չունի և թույլ կտա, որ երկու նախարարներն «արտահայտվեն» իրենց ժամանակացույցին համապատասխան։
Հանդիպումների ժամանակ քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր: