Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիային. մեկ մարդ մահացել է, վիրավորներ կան

Կործանիչներ
Հալեպի միջազգային օդանավակայանի թռիչքուղին շարքից դուրս է եկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Իսրայելական երկու կործանիչներ հարված են հասցրել Սիրիայի Հալեպ նահանգի քաղաքացիական ենթակառուցվածքներին, ինչի հետևանքով զոհ և վիրավորներ կան: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է Արաբական Հանրապետությունում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, փոխծովակալ Օլեգ Գուրինովը:
«Մայիսի 1-ին՝ ժամը 23:32-ից մինչև 23:37-ը, Իսրայելի ռազմաօդային ուժերի երկու F-16 մարտավարական կործանիչներ հրթիռառումբային հարվածներ են հասցրել Հալեպ նահանգում քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներին։ Հարվածի հետևանքով շարքից դուրս է եկել միջազգային օդանավակայանի թռիչքուղին, մեկ մարդ զոհվել է, յոթը՝ վիրավորվել», - ասել է Գուրինովը։
Նա նաև նշել է, որ անցած օրվա ընթացքում Իդլիբի դեէսկալացիայի գոտում արձանագրվել է Սիրիայի կառավարական զորքերի դիրքերի երկու գնդակոծություն «Ջեբհաթ ան Նուսրայի»* կողմից. Հալեպ և Իդլիբ նահանգներում մեկական գնդակոծություն է եղել։
Բացի այդ, Հալեպի նահանգի Ուրում էլ Կուբրա բնակավայրի շրջանում սիրիական կառավարական ուժերի դիրքերի ուղղությամբ դիպուկահար կրակահերթերի հետևանքով մեկ սիրիացի զինծառայող է զոհվել։
Հիշեցնենք` մարտի վերջին Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ իսրայելական ինքնաթիռները հրթիռային հարված են հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանի շրջանում: Հարձակումը եղել է Միջերկրական ծովի կողմից։ Երկրի տրանսպորտի նախարարությունն ավելի ուշ հայտնել էր, որ օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը հասցված վնասի պատճառով։
*Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն:
Իսրայելի պաշտպանական ձեռնարկություններից մեկը 2 արբանյակ կվաճառի Ադրբեջանին. ԶԼՄ