IBM-ը կփորձի իր որոշ աշխատակիցների փոխարինել արհեստական բանականությամբ. ԶԼՄ

Ամերիկյան ընկերություններից մեկը պատրաստվում է մոտ 8000 աշխատողի փոխարինել արհեստական բանականությամբ առաջիկա 5 տարիների ընթացքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Միջազգային բիզնես սարքավորումների (IBM) ամերիկյան ընկերությունը կարծում է, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում աշխատակիցների մի մասին հնարավոր կլինի փոխարինել արհեստական բանականությամբ, իսկ նման աշխատողների թիվն այսօր մոտ 8 հազար է: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` մեջբերելով Bloomberg գործակալության հաղորդագրությունը։
Ընկերության գլխավոր տնօրեն Արվինդ Կրիշնայի խոսքով՝ որոշ բաժինների գործառույթների կատարման համար, ինչպիսին է կադրերի բաժինը, աշխատակիցների վարձումը կդադարեցվի կամ կնվազեցվի։ Այսօր մոտ 26 հազար մարդ է աշխատում այնպիսի պաշտոններում, որոնք կապ չունեն հաճախորդների հետ։
«Ես հեշտությամբ կարող եմ ենթադրել, որ դրանց 30 տոկոսը հինգ տարվա ընթացքում կփոխարինվի արհեստական ինտելեկտով և ավտոմատացմամբ», - հավելել է գլխավոր տնօրենը:
Հնարավոր փոխարինումը կվերաբերի այն աշխատակիցներին, որոնց գործառույթներն ուղղակիորեն կապված չեն մարդկանց հետ և կարող են ավտոմատացվել։ Միևնույն ժամանակ, այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են անձնակազմի և կատարողականի գնահատումը, դժվար թե փոխարինվեն առաջիկա տասը տարիների ընթացքում:
Գործակալության գնահատմամբ՝ կորպորատիվ մակարդակում դա կարող է լինել ամենամեծ կադրային փոփոխությունը։ Ընդ որում` ավելի վաղ ընկերությունը հայտնել էր իր հաստիքների կրճատման մասին 1,5 տոկոսով, ինչը կազմում է գրեթե 4 հազար մարդ: