ՀՀ-ն կարող է հակափաստարկներ ներկայացնել միջազգային դատարան Ադրբեջանի առարկության մասին

Արդարադատության միջազգային դատարանը Հաագայում
Այն բանից հետո, երբ Ադրբեջանը «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» հայցի առարկություններ է ներկայացրել, Երևանը պետք է հակափաստարկներ ներկայացնի 4 ամսվա ընթացքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Մինչև օգոստոսի 21-ը Հայաստանը կարող է Արդարադատության միջազգային դատարանում հակափաստարկներ ներկայացնել Ադրբեջանի առարկությունների վերաբերյալ։ Այս մասին ասված է դատարանի պաշտոնական հաղորդագրության մեջ։
Ապրիլի 21-ին Ադրբեջանը գործով նախնական առարկություններ է ներկայացրել։ Դրանից հետո, դատարանի կանոնադրության համաձայն, գործի քննությունը կասեցվել է, քանի դեռ Հայաստանը չի ներկայացրել իր հակափաստարկները։ Դատարանը նախ պետք է քննարկի կողմերի փաստարկները, ապա շարունակի հայցի էության քննությունը։
Դատարանի երեկ հրապարակված որոշման համաձայն՝ այս փուլը կարող է տևել մինչև 4 ամիս։ Այսինքն՝ մինչև օգոստոսի 21-ը Հայաստանը պետք է իր նկատառումները ներկայացնի Ադրբեջանի առարկությունների վերաբերյալ։
Ավելի վաղ դատարանը կասեցրել էր Երևանի և Բաքվի հայցի քննությունն ըստ էության՝ մինչև համապատասխանաբար ադրբեջանական և հայկական կողմերի նախնական առարկությունների վերաբերյալ որոշման ընդունումը։
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը բավարարել էր Հայաստանի միջնորդությունը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ և պարտավորեցրել Ադրբեջանին ապահովել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով՝ մինչև «Հայաստանն Ադրբեջանի դեմ» հայցի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը»։ Ադրբեջանն առ այսօր չի կատարում այս որոշումը։
Միրզոյանը և Բլինկենը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Այս տարվա փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց էր կիրառել` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։
2 ամիս անց այս որոշումը ոչ միայն չի կիրառվել, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ իր վերահսկողության տակ առնելով։