ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Երևան քաղաքում, եթե հայտնաբերվեն ավտոբուսների վարորդներ, որոնք ղեկին կծխեն, կհեռացվեն աշխատանքից: Այս մասին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստում ասաց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Հովհաննես Մանուկյանը։
Մասնավորապես, համացանցում տարածված գրառման հետքերով պարզվել է, որ ավտոբուսի վարորդը ծխել է, մնացորդը նետել պատուհանից և ուղևորներից պահանջել է մանրադրամը տալ իրեն:
«Օրինախախտ վարորդը հեռացվել է աշխատանքից»,–նշել է Մանուկյանը:
Մանուկյանի խոսքով` իրենք ուսումնասիրել են ավտոբուսում տեղադրված տեսախցիկի տեսագրությունը և պարզել, որ բողոքը տեղին է։
Նա հորդորեց բոլոր քաղաքացիներին ավելի հետևողական լինել, ունենալ 100 դրամանոց մետաղադրամ, որ վարորդին գումար չտան։
Քաղաքապետարանը վարորդներից պահանջում է լինել կոկիկ հագնված, քաղաքավարի, ղեկին չծխել և չխոսել հեռախոսով։