ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik, Դավիթ Գալստյան. Հայաստանը տեղեկացրել է Ադրբեջանին Երևան–Կապան փորձնական թռիչքի մասին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քաղացիական ավիացիայի կոմիտեն` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Ապրիլի 26-ին` ժամը 10:58–ին, Կապանի «Սյունիք» օդանավակայանում վայրէջք էր կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից թռած ինքնաթիռը։ Թռիչքի համար ընտրվել էր չեխական արտադրության L-410–UVP E20 ինքնաթիռը (19 ուղևորի համար)։
«Սահմանված ընթացակարգի համաձայն՝ թռիչքի վերաբերյալ տեղեկությունը սույն թվականի ապրիլի 25-ին ֆիքսված հեռագրակապի միջոցով տրամադրվել է Ադրբեջանի օդային երթևեկության սպասարկման ծառայությանը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հարցին, թե արդյոք թռիչք–վայրէջքների ժամանակ ինքնաթիռը հատել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքը, Քաղավիացիայի կոմիտեում նշել են, որ ոչ։
Ինչ վերաբերում է Երևան–Կապան կանոնավոր թռիչքների իրականացմանը, ապա կոմիտեում նշել են, որ ցանկացած փորձնական թռիչքի նպատակն է բացահայտել հնարավոր տեխնիկական և այլ խնդիրներ` հետագայում դրանք շտկելու նպատակով։
«Դեպի Կապան ներքին փորձնական թռիչքի առնչությամբ դեռ կատարվում են վերլուծություններ, և այս շրջանում կանոնավոր թռիչքների հետ կապված հնարավոր չէ հստակ եզրահանգումներ անել», – հայտարարել են Քաղավիացիայի կոմիտեից։
Ինչպես ավելի ուշ Քաղավիացիայի մամուլի ծառայությունից մեզ պարզաբանեցին, Ադրբեջանին թռիչքի մասին տեղեկացվել է, քանի որ այն իրականացվել է սահմանամերձ գոտում, ընթացակարգը նախատեսում է տեղեկատվության տրամադրում հնարավոր հետագա խնդիրներից խուսափելու համար։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները Արցախյան պատերազմից և հայկական զորքի հետքաշումից հետո տեղակայվել են Կապանի օդանավակայանի թռիչքուղուց մի քանի տասնյակ մետրի վրա։