Հայ հոգևորականները շարունակում են Դադիվանքում իրենց հոգևոր ծառայությունը. Մայր Աթոռ

Դադիվանք. Արխիվային լուսանկար
Դադիվանքի աղվանական լինելու ադրբեջանական պնդումները Մայր Աթոռի տեղեկատվական համակարգում համարում են կեղծ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Հայ հոգևորականները շարունակում են Դադիվանքում իրենց հոգևոր ծառայությունը։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ասացին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել, թե Ադրբեջանը հայ հոգեւորականներին Դադիվանքից վտարելու պահանջ է ներկայացրել։
«Նրանք շարունակում են իրենց ծառայությունը շնորհիվ ռուս խաղաղապահների երախտարժան առաքելության, որն ապահովում է վանքի անվտանգությունը»,– հայտնեցին տեղեկատվական համակարգից։
Անդրադառնալով` Դադիվանքի աղվանական լինելու ադրբեջանական պնդումներին` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից նշեցին, որ դա կեղծ է։
«Պատմական անհերքելի փաստ է, որ վանքն ի սկզբանե եղել է հայկական և որևէ առնչություն չի ունեցել Աղվանից եկեղեցու հետ, առավել ևս այսօրվա նորահայտ աղվանա-ուդիական կրոնական համայնքի հետ»,-ասացին տեղեկատվական համակարգից։
Հիշեցնենք` 44-օրյա պատերազմից հետո Դադիվանքը հայտնվեց կողմերի սահմանազատման գծի մոտ։ Կառույցը վերահսկում են ռուս խաղաղապահները։
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Դադիվանք են այցելել
2021 թվականի մայիսի 2-ից ադրբեջանցիներն արգելեցին ուխտավորների այցերը Դադիվանք։ Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ավելի վաղ լրագրողներին ասել էր, որ ադրբեջանցիները Դադիվանքը հայերի առաջ փակեցին` սկզբում պատճառաբանելով, թե կորոնավիրուսի համաճարակ է, հետո էլ ասացին, թե Թարթառը վարարել է, ճամփան` փլուզվել, վանք հասնել հնարավոր չէ:
2021-ի ապրիլից Արցախի թեմը բարձրացնում էր դեպի Դադիվանք գնալու հարցը, սակայն խնդիրը լուծել չէր հաջողվում։ Այնուամենայնիվ, Դադիվանքում շարունակում են աշխատել 6 հայ հոգևորականներ, որոնց հետ Դադիվանքի տարածքում մի քանի տասնյակ ռուս խաղաղապահներ կան։