Երևանի անշարժ գույքի գները գերազանցել են անգամ ԿԲ-ի սպասումները

Երևան. շինարարություն. Արխիվային լուսանկար
2022թ-ին Երևանում բնակարանների գներն աճել են 11.1 %– ով, մարզերում` 16.2%–ով։ Ամենաթանկ բնակարանները Երևանի կենտրոնում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Երևանի անշարժ գույքի շուկայում վերջին 2 տարվա ընթացքում գրանցված գնաճը գերազանցել է ԿԲ–ի առավելագույն կանխատեսումները։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում լրագրողներին հայտնեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
«2022թ–ի դեկտեմբերի դրությամբ` անշարժ գույքի գների հնարավոր գերարժևորման չափը գնահատվում էր 16-22 տոկոս։ 2023թ-ի առաջին եռամսյակի ընթացքում գնահատված արժևորումների համաձայն` այս չափը էլ ավելի է մեծացել` կազմելով մոտավորապես 25 տոկոս»,– ասաց Գալստյանը։
Նրա խոսքով` այս ցուցանիշը ԿԲ–ի դիտարկումների ողջ ընթացքում արձանագրած ամենաբարձր ցուցանիշն է։
Մարտին Գալստյանի գնահատմամբ` գերարժևորման հիմնական պատճառը հիփոթեկային վարկավորումն է, որտեղ ԿԲ–ը նկատում է գերտաքացման որոշակի ռիսկեր։
Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2022թ–ին Երևանում բնակարանների գներն աճել են 11.1 %– ով, մարզերում` 16.2%–ով։ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հրապարակած վերլուծության համաձայն՝ ամենաթանկ բնակարանները Երևանի կենտրոնում են։ Այստեղ բնակարանի 1 քմ–ի արժեքը 1 տարվա ընթացքում (2022թ–ի դեկտեմբերին 2021–ի դեկտեմբերի համեմատ) ավելացել է միջինը 14.6 %–ով կամ 100 000 դրամով` 680 000 դրամից հասնելով 780 600 դրամի։
ՏՏ ոլորտի կշիռը Հայաստանի ՀՆԱ–ի մեջ քառապատկվել է. Մարտին Գալստյան