Դեյթոնի համաձայնագիրը վերջ դրեց պատերազմին. ի՞նչ կտա հայ-ադրբեջանական հանդիպումը

Առաջին հայացքից պարադոքսալ է հնչում, բայց ավելի քան քառորդ դար տևած հայ-ադրբեջանական բանակցություններից հետո այդ բանակցությունները փաստորեն… նոր են սկսվում։
Sputnik
Նախ` չկա Մինսկի խումբը, իսկ վաշինգտոնյան բանակցությունները մի երկրում են վարվում, որը շատ վատ հարաբերությունների մեջ է այն երկրի հետ, որի խաղաղապահները ներկա են տարածաշրջանում։
Ի դեպ, նախկինում կողմերը երբեք փոխհամաձայնության չեն եկել որևէ տարբերակի շուրջ, ինչը պարզապես անսահման հնարավորություններ է ընձեռել «այ եթե…»-ների սիրահարներին։ Այ եթե ընդունվեր փուլային տարբերակը, այ եթե Մադրիդյան սկզբունքները կտրականապես մերժեինք, այ եթե համաձայնեինք ընդհանուր պետության գաղափարին…Այս և բազմաթիվ այլ «այ եթե»-ների շուրջ բուռն վեճերը այսօր էլ չեն մարում, սակայն փաստն այն է, որ 25 տարվա ընթացքում չի եղել գեթ մեկ առաջարկ, որն ընդունելի լիներ թե՛ Ղարաբաղի, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար։
Մեր հասարակության մի մասը հոգնել է պետություն ունենալուց
Բանակցությունների ներկա փուլն առանձնանում է նաև նրանով, որ եթե առաջ հիմնականում դրանց ընթացքում, ինչպես ասում են, գետնի վրա գրեթե ոչինչ չէր կատարվում, չհաշված սահմանային փոխհրաձգությունը, որը սովորական երևույթ էր դարձել, ապա այժմ բանակցություններն ուղեկցվում են ադրբեջանցիների ակտիվ գործողություններով՝ Հայաստանի տարածքում նորանոր դիրքերի գրավում, Լաչինի միջանցքի արգելափակում և անցակետի տեղադրում։
Փոխվել է նաև բանակցությունների այսպես ասած առարկան՝ եթե Մինսկի խումբը հատուկ ստեղծվել էր մեկ նպատակով՝ Արցախի հիմնախնդիրը լուծելու համար, ապա հիմա բանակցությունների հիմնական թեման Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն է։ Եվ քանի որ Հայաստանը շատ հանգիստ հրաժարվել է Արցախի հարցը քննարկելուց և հայտարարել, որ դա Ստեփանակերտի ու Բաքվի գործն է, տրամաբանական է ենթադրել, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը Հայաստանն ու Ադրբեջանը համարում են փակված, ինչն իհարկե դյուրացնում է բանակցությունները, բայց նոր հարց է առաջացնում՝ բա 30 տարի շարունակ ինչի՞ համար էին պայքարում հայերը։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների շարունակվող բանակցությունները Վաշինգտոնում կնպաստե՞ն բոլոր հարցերի կարգավորմանը և երկու ժողովուրդների հարաբերությունների վերջնական բարելավմանը։ Իհարկե, ո՛չ։ Հիշենք գրեթե 30 տարի առաջ կնքված Դեյթոնյան համաձայնագիրը։ Մինչև հիմա էլ կողմերից որևէ մեկը այդ պայմանագրով բավարարված չէ, բայց փաստն այն է, որ այդ համաձայնագիրը կանգնեցրեց երեքուկես տարի շարունակվող պատերազմը նախկին Հարավսլավիայում։ Հասկանալի է, որ եթե նման մի պայմանագիր կնքեն Հայաստանն ու Ադրբեջանը, երկու երկրներում նույնպես հասարակության մի մասն այն չի ընդունի, կորակի որպես սեփական իշխանությունների ձախողում, բայց ամենակարևորն այն է, թե ինչպիսի պայմաններով է ձեռք բերվելու համաձայնությունը, և ուժային ճանապարհով հարցերի լուծումից հրաժարվելու պարտավորությունն արդյոք պահպանվելո՞ւ է։
Այս վերջինը հատկապես հրատապ է պատերազմում պարտություն կրած հայկական կողմի համար։ Չէ՞ որ մինչև ադրբեջանական լայնածավալ հարձակումը Մինսկի խմբի որդեգրած երեք հիմնարար սկզբունքներից մեկը հենց ուժի կիրառումից, նույնիսկ ուժի կիրառման սպառնալիքից հրաժարվելն էր։ Բայց երբ Բաքուն 2020 թվականի աշնանը բոլորին կանգնեցրեց փաստի առջև, այդ նույն Մինսկի խումբը ոչ միայն չդիմեց ԵԱՀԿ-ին արյունահեղությունը դադարեցնելու համար գործուն միջոցներ կիրառելու պահանջով, այլև ընդհանրապես ձեն-ծպտուն չհանեց։ Այնպես որ տառապանքը, ինչպես ասում են, փորձ ունի։
Ադրբեջանական ծրագրի իրագործման լավագույն պայմանները հենց մենք ենք ստեղծել
Այս կասկածները խորանում են նաև հաշվի առնելով վերջին իրադարձությունները։ Տեսե՛ք։ Վաշինգտոնյան հանդիպումից առաջ ԱՄՆ-ի պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ղեկավարի հետ և «իր խորը մտահոգությունն է հայտնել, որ Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը՝ ընդգծելով Լաչինի միջանցքը հնարավորինս արագ վերաբացելու կարևորությունը»։ Ի՞նչ է պատասխանում Իլհամ Ալիևը։ Ըստ Բաքվի պաշտոնական հաղորդագրության` Ալիևը Բլինկենին ասել է, որ «Լաչինում անցակետը տեղադրվել է ինքնիշխան Ադրբեջանի իրավունքների շրջանակում և միջազգային բոլոր նորմերին համապատասխան»։ Այսինքն` դեռ բուն բանակցությունները չսկսված` Ադրբեջանի նախագահը շատ պարզ հասկացրել է՝ Ամերիկայի խորը մտահոգությունն ինձ ամենևին չի հետաքրքրում, իմ ինքնիշխան տարածքն է, ինչ կուզեմ, կանեմ։ Կներե՛ք, նման պայմաններում խաղաղության պայմանագիր կնքելու իմաստը ո՞րն է։
Հայաստանցիների ուշադրությունից երևի չի վրիպել․․․