ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին կրկին մերժել են ժամանակավորապես Հայաստանից բացակայելու թույլտվություն տալ: Այս մասին Աշոտյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։
Նա նշում է, որ պատրաստվում էր մասնակցել Եվրոպական ժողովրդական կուսակցության Քաղաքական համաժողովին։
Ըստ Արմեն Աշոտյանի` իրավապահ մարմինները վախենում են, թե ինքը Հայաստանից կփախչի։
«Ընդդիմության առաջատար ուժերից մեկի բարձր մակարդակով մասնակցության կանխումը նման քաղաքական համաժողովներին նպատակ ունի լռեցնելու հայկական պետական շահերը համառորեն ներկայացնող ուժին, ինչպես նաև՝ արգելել Հայաստանում տիրող խայտառակ իրավիճակի մասին ինֆորմացիայի «դեմ առ դեմ» արտահոսքեր»,– գրել է նա։
Եվրոպական ժողովրդական կուսակցության Քաղաքական վեհաժողովը տեղի կունենա մայիսի 4-5-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Արմեն Աշոտյանին թույլ չեն տալիս լքել Հայաստանի սահմանները ԵԺԿ քաղաքական համաժողովին մասնակցելու համար։
Հիշեցնենք, որ բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանին մեղադրանք է առաջադրվել Բժշկական համալսարանից առանձնապես խոշոր չափերով գույքի ենթադրյալ հափշտակության համար, ու այդ նույն գործով մեղադրյալի կարգավիճակ ունի ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը։