ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Adidas-ը քննարկում է ռուսական ակտիվները օտարերկրյա ներդրողին փոխանցելու հնարավորությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Коммерсант»-ին։
«Սպորտային հագուստի, կոշիկի և աքսեսուարների գերմանական արտադրող Adidas-ը դիտարկում է ռուսական ստորաբաժանումը օտարերկրյա ներդրողին փոխանցելու հնարավորությունը», - ասվում է հոդվածում:
Adidas AG-ն 2022 թվականի մարտին դադարեցրել էր աշխատանքը Ռուսաստանում և ժամանակավորապես փակել է մանրածախ խանութները, իսկ հոկտեմբերին որոշել էր վերջնականապես փակել բիզնեսը Ռուսաստանում։
Նշվում է, որ Adidas-ի ռուսական կառույցն առայժմ փորձում է պահպանել իր գործունեությունը: «Ադիդաս» ՍՊԸ-ի՝ 2023 թվականի մարտի 20-ով թվագրված անցյալ տարվա հաշվետվության պարզաբանումներում նշվում է, որ ընկերության ղեկավարությունը նվազագույնի է հասցնում ապրանքների մատակարարման շղթաների խզման հետևանքները։
Ընկերության ռուսական ստորաբաժանումը պայմանավորվել է 2023 թվականին մոսկովյան գրասենյակի վարձակալության համար 14% զեղչի մասին։ Ընկերությունը գրասենյակային տարածքները ենթավարձակալության է հանձնել մինչև 2026 թվականը և երկու պայմանագիր է կնքել մերձմոսկովյան Նովոսելկի գյուղում պահեստային տարածքների ենթավարձակալության համար՝ մինչև 2024 և 2026 թվականը:
Սպորտային կոշիկների և հագուստի մեկ այլ հայտնի միջազգային ապրանքանիշ՝ Reebok-ը, որը Adidas-ի կառույցի մաս էր կազմում, իսկ անցյալ տարվա մարտին վաճառվեց ամերիկյան Authentic Brands Group-ին (ABG), նույնպես դադարեցրել է իր գործունեությունը ռուսական շուկայում: Ավելի ուշ՝ գարնանը, հայտնի դարձավ, որ Reebok-ի ապրանքները կրկին կսկսեն վաճառվել Ռուսաստանում՝ թուրքական FLO Retailing հոլդինգի ռուսական իրավաբանական անձի միջոցով: