44-օրյա պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը կերկարաձգվի

Անդրանիկ Քոչարյան. Արխիվային լուսանկար
Ռազմական գործողությունների հանգամանքները պարզելու համար գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթերի ուսումնասիրությունը շարունակվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրության նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը կերկարաձգվի 6 ամսով։ ՀՀ Ազգային ժողովում այսօր ներկայացվել կառավարության որոշման նախագիծը։
ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ մինչև այսօր շարունակվում է ստացված փաստաթղթերի ուսումնասիրությունը։ Այս ընթացքում հանձնաժողովը ստացել է 4154 գաղտնի և հույժ գաղտնի տեքստային և գրաֆիկական փաստաթուղթ ընդհանուր 14.000 էջից ավելի ծավալով։ Ուսումնասիրությանը մասնակցում են հրավիրված մասնագետները` նախկին և գործող զինվորականներ, քաղաքական բարձրաստիճան գործիչներ և այլն։
«Հանձնաժողով են դիմել պատերազմի բազմաթիվ մասնակիցներ և զոհվածների հարազատներ, որոնք ևս անհատական կարգով հանձնաժողով են ներկայացնում նյութեր»,– նշեց Քոչարյանը։
Նրա խոսքով՝ ստացված տեղեկությունների արդյունքում կրկին անհրաժեշտություն է առաջանում դիմել տարբեր կառույցների և ստանալ լրացուցիչ փաստաթղթեր։ Ուստի ամբողջ ծավալի ուսումնասիրության համար, ըստ Քոչարյանի, անհրաժեշտ է հանձնաժողովի գործունեությունը երկարացնել ևս վեց ամսով։ Խոստացավ՝ սա վերջին երկարացումն է լինելու։
Հիշեցնենք՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով: Հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 2022 թվականի հոկտեմբերի 5-ին՝ 6 ամիս ժամկետով։