2023–ի մարտին գնաճը կտրուկ նվազել է. Մարտին Գալստյանը ներկայացրեց ԿԲ կանխատեսումները

Մարտին Գալստյան
Կենտրոնական բանկի նախագահի խոսքով` ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունները շարունակում են թուլանալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. 2023թ–ի մարտին 12-ամսյա գնաճը կտրուկ նվազել է` ամսվա վերջին կազմելով 5.4 տոկոս, 12-ամսյա բնականոն գնաճը ևս նվազել է` կազմելով 6.4 տոկոս։ Այսօր հրավիրված ասուլիսում այս տվյալները ներկայացրեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Միջազգային կոշտ ֆինանսական պայմանները նպաստում են ապրանքահումքային շուկաներում գների նվազմանը։ Արդյունքում համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունները շարունակում են թուլանալ»,– ասաց նա։
Գալստյանը միաժամանակ նշեց, որ բարձր պահանջարկը և գնաճային սպասումները շարունակում են նպաստել առանձին ապրանքային խմբերում բարձր գնաճի պահպանմանը։
Ո՞վ է Հայաստանում լավ ապրում, կամ ո՞ւմ աշխատավարձերի մասին է խոսում Փաշինյանը
ԿԲ կանխատեսումներով` գնաճն առաջիկայում ևս կնվազի` տարեվերջին կայունանալով 4 տոկոս ցուցանիշի շուրջ։
Գալստյանն այդուհանդերձ արձանագրեց, որ եթե հիմնական ապրանքների գները նվազում են, ապա ծառայությունների գները շարունակում են բարձրանալ։ Որոշ ծառայությունների գնաճը 12-ամսյա կտրվածքով հասնում է մինչև12 տոկոսի։
«Դրա մի մասը պայմանավորված է արտաքին շատ ուժեղ պահանջարկով, երկրորդ գործոնը մեր երկրում աշխատավարձերի աճն է»,– ասաց նա։
Հիշեցնենք` ԿԲ խորհուրդն այսօր որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը չփոփոխել` թողնելով 10,75 տոկոս։