Թուրքական ընկերությունը 700 միլիոն եվրոյով ապահովագրել է «Ակկույու» ատոմակայանը

«Ակկույու» ատոմակայան
Թուրքիայում օրենք է ընդունվել, որը պարտադիր ապահովագրություն է նախատեսում միջուկային օբյեկտների շահագործման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Թուրքիայի ֆինանսների նախարարության ենթակայության տակ գտնվող ընկերությունը 700 միլիոն եվրոյով ապահովագրել է «Ակկույու» ատոմակայանը։ Տեղեկությունը հայտնում է «Hürriyet» թերթը:
Պարբերականը նշում է, որ 2022 թվականի մարտին ընդունվել է միջուկային կարգավորման մասին օրենք, որով պարտադիր ապահովագրություն է սահմանվել նրանց համար, ովքեր ստեղծում և շահագործում են միջուկային օբյեկտներ, ինչպես նաև աշխատում են միջուկային էներգետիկայի ոլորտում։
«Այս որոշման շրջանակում ստեղծվեց Միջուկային ապահովագրության միավորում, և որոշվեց, որ հատուկ ռիսկերի կառավարման կենտրոնը, որը ղեկավարվում է ֆինանսների նախարարության և գանձապետարանի դուստր ձեռնարկություն հանդիսացող «Türk Reasürans»-ի կողմից, կապահովի ապահովագրական ծածկույթ: Այս համատեքստում Թուրքիայի առաջին ատոմակայանը՝ «Ակկույուն», կենտրոնի կողմից ապահովագրվել է 700 միլիոն եվրոյով: Այլ կերպ ասած` թուրքական կենտրոնը «Ակկույուին» տրամադրել է միջուկային պատասխանատվության ռիսկերի 700 միլիոն եվրոյի ապահովագրական ծածկույթ», - գրում է թերթը։
ՌԴ-ն մտադիր է թուրքական հանգույցի միջոցով ակտիվացնել գազի մատակարարումները այլ երկրներ
Հիշեցնենք` ատոմային էլեկտրակայանի շինարարության ու շահագործման ոլորտում համագործակցության վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի միջև միջկառավարական համաձայնագիրը ստորագրվել է 2010 թվականին։ «Ակկույու» ԱԷԿ-ի նախագիծն իր մեջ ներառում է 4 էներգաբլոկ, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը կկազմի 1200 ՄՎտ։
«Ակկույու» ատոմակայանն ապահովելու է Թուրքիայի էլեկտրաէներգիայի կարիքների 10 տոկոսը։