«Միայն գիտելիքի վրա հիմնված աշխատանքը կարող է զարգացման բերել». Փաշինյանն ուղերձ է հղել

Նիկոլ Փաշինյան
Փաշինյանն Աշխատանքի օրվա կապակցությամբ հատուկ շնորհավորել է այն օտարերկրացիներին, որոնք աշխատանքի վայր են ընտրել Հայաստանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ մեկ սկզբունքի միջոցով հնարավոր է մրցունակ դարձնել տնտեսությունը։ Նա այդ մասին գրել է Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ հղած իր շնորհավորական ուղերձում, որը հրապարակվել է վարչապետի պաշտոնական կայքում։
«Աշխատանք՝ հիմնված գիտելիքի վրա և գիտելիք՝ ամրացած աշխատանքով ու փորձով. ահա այն սկզբունքը, որ արդիական ու մրցունակ պետք է դարձնի մեր տնտեսությունը, մեր բանակը, մեր դիվանագիտությունը, մեր կրթական համակարգը և ընդհանրապես մեր պետությունը»,– նշել է Փաշինյանը:
Միաժամանակ նա շեշտել է, որ բազմաթիվ ոլորտներում կարևորելով ստանդարտների հաստատումը` գիտելիքի ստանդարտացումն ամենևին էլ օգտակար չի համարում։
«Որովհետև պատշարին հարկավոր է ի՛ր գործի համար անհրաժեշտ գիտելիքը, փականագործին ի՛ր, դիվանագետին ի՛ր, զինվորականին ի՛ր: Բայց միանշանակ է և աներկբա, որ միայն գիտելիքի վրա հիմնված աշխատանքը կարող է զարգացման բերել և առաջընթացի»,– նշել է Փաշինյանը:
Նա շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք իրենց աշխատանքով բարձրացնում են Հայաստանը, հատուկ շնորհավորել ու ողջունել է այն օտարերկրացիներին, որոնք աշխատանքի և տնտեսական գործունեության վայր են ընտրել Հայաստանը:
«Բարով եք եկել»,– Փաշինյանն այսպես է եզրափակել իր ուղերձը:
Հիշեցնենք, որ Աշխատավորների միջազգային օրը նշվում է մայիսի 1-ին: Պատմության մեջ մայիսի մեկը մտել է 1884 թվականին, երբ ԱՄՆ-ում և Կանադայում կազմակերպվեցին ցույցեր` ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա:
Այսօրը պատմության մեջ. Մայիսի 1