Մինչ Հայաստանի ընդդիմությունը ամեն ինչում մեղադրում է թավշյա հեղափոխությունից հետո իշխանության եկած թիմին, Project Syndicate միջազգային կազմակերպությունը՝ վերլուծելով հետպատերազմյան իրադարձությունները, եզրակացնում է, որ հայաստանյան հասարակությունը ամենևին էլ դեմ չի երկրի նոր ղեկավարության նոր քաղաքականությանը։
Մեջբերեմ. «Հրադադարից անմիջապես հետո ընդդիմությունը հակակառավարական շարժում նախաձեռնեց։ Բայց անցավ երկուսուկես տարի, և այժմ, երբ Փաշինյանը կոչ է անում ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, քաղաքների փողոցներում լռություն է տիրում։ Դա համապատասխանում է 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, ըստ որոնց Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացավ 71 տեղ պառլամենտում, իսկ ընդդիմությունը՝ ընդամենը 21 տեղ։ Հայկական հանրությունը, որը տուժել է պատերազմում և հոգնել է մեկուսացման պայմաններում ապրելուց՝ դատելով ամեն ինչից, պատրաստ է զարգացման նոր ուղին բռնել»։
Սակայն ոմանք համոզված են՝ այդ նոր ուղին չափազանց վտանգավոր է։
Ահա սոցցանցերի օգտատերերից մեկի կարծիքը. «Մեր հասարակության մի մասը, այդ թվում որոշ պետական այրեր, հոգնել են պետություն ունենալուց։ Ցանկանում են դառնալ էթնիկական խումբ, պայքարել էթնիկական զտման դեմ, ստորագրություն հավաքել միջազգային կառույցներին ուղղված, այդ ընթացքում փիառվել։ Ու հոգով համայնքային այս առաջնորդների ու էթնիկ խմբի այլ անդամների համար պետությունը դարձել է բեռ`պետք է համակարգ ստեղծել, պաշտպանություն կազմակերպել, բարեկեցություն ապահովել, իսկ դա, արի ու տես, որ ֆեյսբուքյան գրառումներով չի ստացվում։ Մինչև պետության իմաստը հասկացող ու պետություն ունենալու կամք ունեցող մեր քաղաքացիներն իրենց կամքը չպարտադրեն այս խղճուկ խառնամբոխին, մենք հաջողություն չենք ունենալու»։
Երևի ինչ-որ չափով իրավացի են նրանք, ովքեր պնդում են՝ հայերի դժբախտությունները նաև անիրատեսության հետևանք են։ Իսկապես, երբ դեկտեմբերին այսպես կոչված «բնապահպանները» փակեցին Լաչինի ճանապարհը, մենք մինչև վերջ անհասկանալի հույսեր ունեինք՝ ա′յ, ՄԱԿ-ի դատարանը կստիպի, և Ադրբեջանը կբացի, ա′յ, Ֆրանսիան պատժամիջոցներ կկիրառի, և Բաքուն կենթարկվի, ա′յ, Եվրամիության դիտորդները կհաղորդեն ճշմարտությունը, և ողջ աշխարհը ոտքի կկանգնի ի պաշտպանություն մեզ…
Հիմա այդ նույն պատմությունը կրկնվում է անցակետի հետ կապված։ Այս առիթով «Ֆեյսբուքի» օգտատերերից մեկը գրում է. «Անկախ մեր ցանկություններից, պիտի մի բան հստակ ընկալենք՝ Հակարի գետի վրա ադրբեջանական անցակետը կվերանա միայն նոր պատերազմի և այս կամ այն կողմի օգտին տարածքային փոփոխությունների դեպքում։ Հետևաբար, այսօրվա ջանքերը պետք է կենտրոնացնել ոչ թե դրա օրինականությունը վիճարկելու, այլ աշխատանքային ռեժիմի, ինչպես նաև այն անցնելուց հետո ճանապարհի օգտագործման պայմանների շուրջ բանակցությունների ուղղությամբ սեփական դիվանագիտության և միջազգային միջնորդության արդյունավետությունը բարձրացնելու վրա»։
Մեկ այլ օգտատեր ավելի հեռուն է գնում, կանխատեսելով՝ եթե նույնիսկ վերջին հայը հեռանա Ղարաբաղից, Ադրբեջանի ախորժակը չի սահմանափակվելու, Հայաստանին ներկայացվող պահանջները մնալու են։ Մեջբերեմ. «Արցախի դատարկումից հետո, Լաչինի միջանցքի անհրաժեշտությունը հայերի համար կվերանա, սակայն ադրբեջանցիները և թուրքերը շարունակելու են Հայաստանով ճանապարհ պահանջել։ Իսկ Հայաստանը ի՞նչ է անելու այդ դեպքում»։
Շատերը կարծում են, թե հայերը նոր են հասկանում, որ չի կարելի հույս դնել արտաքին ուժերի վրա։ Իրականությունն այն է, որ դեռ Հայկական առաջին հանրապետության երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը ժամանակին փաստել է.
«Անգլիա կ’ուզէր, որ հայերը, ինչպէս ու կովկասեան միւս ազգութիւնները, կարողանային յետ մղել բոլշևիզմի յառաջխաղացումը և տիրել Թուրքիայի հայկական վիլայէթներուն։ Իրենց ուժերով, իրենց սեփական ուժերով հայերը չկարողացան ընել այդ։ Եվ երբ անգլիացիք սկսան հասկնալ, որ հայերը չեն կարող իրագործել առաջադրւած նպատակները, սկսան սառչել դէպի հայերը»։ Մեջբերելով Խատիսյանի այս տողերը, սոցիալական ցանցերից մեկի օգտատերը գրում է. «Մի կողմ թողնենք իմ վերաբերմունքը տվյալ քաղաքական գործչի նկատմամբ։ Ուշադրություն դարձնենք Հայաստան- հավաքական միջազգային հանրություն պարզ հարաբերություններին։ Եթե դու չես կարողանում, չես ուզում ինքդ քեզ քորել, ուրիշի վրա մուննաթ մի արի»։
Եվ վերջապես, նոր իշխանությունների երևի թե ամենասիրած դիմելաձևի՝ «հպարտ քաղաքացիներ« բառակապակցության մասին։ Ահա թե ինչ է գրում ֆեյսբուքյան իր էջում հայաստանցիներից մեկը. «Ընկերներիս մեջ հպարտ քաղաքացի կա ՞։ Ինչների՞դ վրա եք հպարտ։ Արցախի կորստի հետ համակերպվելու՞, Հայաստանի սահմանների՝ օր օրի նեղանալու՞, հազարավոր զոհերի ՞, նախկինների մեղավորության կեղծ թեզը որպես արդարացում ճոճելո՞ւ ... Էլ գյուղում խոպան չե՞ն գնում, ուսուցիչը սկսել է լա՞վ ապրել, թոշակառուն դեղի փող ունի՞։ Իմանանք, էլի՝ ինչների՞դ վրա եք հպարտ ։ Ամոթ էլ ա, գոնե սուս մնացեք»։