Հեղուկ գազի գնի թանկացման հիմնական պատճառը լոգիստիկ խնդիրներն են, տնտեսական այլ հիմնավորում այս պահին չկա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վիճակագրության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Արմեն Քթոյանը։
Վերջին 1 շաբաթվա ընթացքում հեղուկ գազը հայաստանյան շուկայում 110-120 դրամից հասել է մինչև 200 դրամի։
«Լոգիստիկ խնդիրների պատճառով Ռուսաստանից բավարար քանակի հեղուկ գազ չի գալիս Հայաստան, ինչի պատճառով առաջացել է դեֆիցիտ, որն էլ հանգեցրել է գների բարձրացման։ Ես չեմ կարող գնահատական տալ` այդ խնդիրներն արհեստականորեն են ստեղծվում, թե ինչ–որ օբյեկտիվորեն պայմանավորված կարգավորումներով։ Համենայնդեպս, սկզբնական պատճառը դա է, իսկ թե դրա շարժառիթը որն է, կդժվարանամ գնահատել»,– ասաց մասնագետը։
Իսկ թե ինչու հայաստանցի ներկրողները շուկայում առաջացած դեֆիցիտը չեն լրացնում Իրանից հեղուկ գազ ներկրելու տարբերակով, Քթոյանը բացատրում է ռուսական շուկայում բիզնեսի արդեն ստեղծած կապերով, գործարար պայմանավորվածություններով, ինչպես նաև Իրան–Հայաստան ճանապարհների ոչ այնքան բարվոք վիճակով։
Բացի այդ, Իրանում ևս վառելիքի գինը, նրա խոսքով, ցածր չէ։
«Իրանում գնաճը բավականին բարձր տեմպեր է արձանագրել, և եթե որոշ ժամանակ առաջ իրանական ապրանքների գնի մրցակցային առավելությունը ռուսական ապրանքների նկատմամբ ակնհայտ էր, հիմա այդ ակնհայտությունն այնքան էլ միանշանակ չէ»,– ասում է Քթոյանը` հիշեցնելով, որ Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողություններից առաջ Իրանից մատակարարումներն ավելի մեծ չափով էին փոխարինում ռուսական շուկայից ներկրումներին։
Հետո իրավիճակը հակառակ ուղղությամբ փոխվեց` պայմանավորված Արևմուտքի սահմանափակումների ու ռուբլու փոխարժեքի անկման հետևանքով ռուսական վառելիքի գնի նվազմամբ։
«Ռուսական շուկայում առկա է բավական շատ ավելցուկ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեծ թվով արտաքին սպառողներ հրաժարվել են ռուսական աղբյուրներից վառելիք, այդ թվում` հեղուկ գազ ձեռք բերելուց, Ռուսաստանում ներքին շուկայում որոշակի հագեցվածություն է առաջացել, որը գները դեպի ներքև վերանայելու հանգամանք է հանդիսանում»,– ասաց Քթոյանը` հույս հայտնելով, որ լոգիստիկ խնդիրների կարգավորումից հետո հեղուկ գազի գինը Հայաստանում դարձյալ կնվազի։
Թե որքանով հեղուկ գազի գինը և դեֆիցիտը կազդեն մյուս հեղուկ վառելիքների պահանջարկի ու նաև գնի վրա, մասնագետը դժվարացավ կանխատեսում անել, բայց կարծիք հայտնեց, որ ստեղծված իրավիճակն ամենայն հավանականությամբ բենզինի կամ դիզվառելիքի թանկացման առիթ չեն հանդիսանա։
«Այդ շուկաները տարբեր են, մեկը մյուսով ուղղակիորեն պայմանավորված չեն։ Մատակարարներն են տարբեր, արտադրողներն են տարբեր, լոգիստիկ շղթաներն են տարբեր։ Բացի այդ, հեղուկ գազով շահագործվող ավտոմեքենաների սեգմենտն այդքան մեծ չէ, չեմ կարծում, թե դեֆիցիտի ճնշումն այդքան մեծ կլինի։ Բայց անգամ գների բարձրացման պարագայում հեղուկ գազ–բենզին երկընտրանքի պարագայում բենզինը գնային առումով համարժեք այլընտրանք չի հանդիսանա հեղուկ գազին։ Եթե հեղուկ գազի գնաճը եռակի լինի կամ պակասուրդն այնքան մեծ լինի, որ չկարողանան ձեռք բերել, գուցե դիտարկվի գազի փոխարեն բենզինով լիցքավորման տարբերակը։ Բայց գնաճի ներկա մակարդակում` հազիվ թե»,– ասաց տնտեսագետը։
Ամեն դեպքում, Քթոյանի համոզմամբ, շուկայում առկա իրավիճակն այդ աստիճան չի սրվի։ Որպես հիմնավորում մասնագետը հիշեցնում է` նման խնդիր ՀՀ վառելիքի շուկայում նախկինում էլ առաջացել է, բայց տնտեսվարողերը կարողացել են ուղիներ գտնել ու ապահովել սպառողների պահանջարկը։
Նշենք, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ուսումնասիրություն են իրականացնում հեղուկ գազի շուկայում։