ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության կիսաեզրափակիչ մենամարտերում Հայաստանի չորս ներկայացուցիչներ պարտվեցին իրենց մրցակիցներին ու բավարարվեցին բրոնզե մեդալներով։
63,5 կգ քաշային կարգում Արթուր Մկրտչյանը 2:5 հաշվով պարտվեց ռումինացի Արուն Նիկու Տուդորոյուին, իսկ Յուրա Բաբլումյանը (67 կգ) պարտվեց ռուսաստանցի Ալեքսեյ Գուկովին՝ դառնալով բրոնզե մեդալակիր։
Արման Միսկարյանը (71 կգ) մենամարտեց հունգարացի Քրիստիան Նիլեբորգի հետ և պարտվեց 2:5 հաշվով: 75 կգ քաշային Արմեն Պողոսյանը ևս պարտվեց կիսաեզրափակիչում Իտալիայի ներկայացուցիչ Կիրո Դելե Կուրտոյին։ Միսկարյանն ու Պողոսյանը ևս բավարարվեցին բրոնզե մեդալներով
Նշենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից եզրափակիչ է դուրս եկել Գոռ Ազիզյանը (57 կգ)։ Նա կիսաեզրափակիչում պարտության է մատնել Ռուսաստանի ներկայացուցիչ Մագոմեդ Պաշտաևին: Եզրափակիչները տեղի կունենան մայիսի 3-ին:
Հիշեցնենք, որ բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը մեկնարկել է Երևանում ապրիլի 25-ին և կշարունակվի մինչև մայիսի 3-ը: Առաջնությանը մասնակցում են ավելի քան 30 երկրի շուրջ 500 մարզիկներ: