ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Ազիզյանը (57 կգ) դուրս է եկել Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ: Տեղեկությունը հայտնում է armsport.am–ը։
Կիսաեզրափակիչում նա հաղթել է Ռուսաստանը ներկայացնող Մագոմեդ Պաշտաևին:
Հայաստանի ևս երեք մարզիկներ բրոնզե մեդալներ են նվաճել՝ պարտվելով կիսաեզրափակիչում: 51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը թևի վնասվածքի պատճառով հրաժարվել է կիսաեզրափակիչ մենամարտից: Տեխնիկական հաղթանակ է շնորհվել նրա մրցակցին՝ գերմանացի Ֆրանսիս Օկային: Էրիկ Առուստամյանը պարտվել է Վրաստանի ներկայացուցիչ Գոռ Այվազյանին, Հովհաննես Հարությունյանը՝ իտալացի Տոնասոյին:
Հիշեցնենք, որ բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը մեկնարկել է Երևանում ապրիլի 25-ին և կշարունակվի մինչև մայիսի 3-ը: Առաջնությանը մասնակցում են ավելի քան 30 երկրի շուրջ 500 մարզիկներ: