Թենիսիստ Բաուտիստա-Ագուտը Կարեն Խաչանովին մեղադրել է խաբեության մեջ

Իր հասցեին հնչած մեղադրանքից հետո Խաչանովը պատասխանել է, որ ինքը երբեք խաբեությամբ չի զբաղվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Իսպանացի թենիսիստ Ռոբերտո Բաուտիստա-Ագուտը Մադրիդում ընթացող թենիսի «Մաստերս» մրցաշարի երրորդ տուրում Կարեն Խաչանովին պարտվելուց հետո նրան մեղադրել է խաբեության մեջ։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Հանդիպումն ավարտվել է Խաչանովի հաղթանակով՝ 7:5, 4:6, 6:3 հաշվով։ Առաջին սեթում Բաուտիստա-Ագուտի մատուցումներից մեկից հետո մրցավարը բղավել է, որ գնդակը խաղից դուրս է։ Ցուցադրված կադրերում երևում է, որ գնդակը դիպչել է գծին, և իսպանացի մարզիկը մեղադրել է Խաչանովին, որ վերջինս տեսել, բայց չի ուղղել մրցավարին։
Խաղից հետո ցանցի մոտ ձեռքսեղման ժամանակ իսպանացին ասել է, որ « դա վատ արարք էր»։ Հարցին, թե ինչ նկատի ունի, Բաուտիստա-Ագուտը հայտարարել է, որ Խաչանովը կանգնած է եղել գծի մոտ՝ ակնարկելով, որ ռուսաստանցի մարզիկը պետք է տեսներ, որ գնդակը դիպել է գծին։ Խաչանովը պատասխանել է, որ ինքը երբեք խաբեությամբ չի զբաղվել և ոչինչ չի տեսել։
Մրցույթի քառորդ եզրափակիչ դուրս գալու համար Խաչանովը կմրցի Անդրեյ Ռուբլյովի հետ։