Տա Աստված` իզուր չկորի թափված արյունը, տղերք. «սպեցնազցի Մգրոն» մինչև վերջ հետքայլ չարեց

Մայոր Մկրտիչ Հարությունյանը . Արխիվային լուսանկար
Մկրտիչ Հարությունյանն անձամբ էր մարտավարություններ մշակում ու սովորեցնում իր տղաներին։ Նա հրամանատար էր, որի հետևից գնում էր ստորաբաժանման յուրաքանչյուր զինծառայող ` անվերապահ վստահությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. «Ազգը չի կոտրվել տղերք... ով զոհվել է, իմ արյունն իրենցից կարմիր չի, ես իրենց շիրիմներին ղուրբան։ Տա Աստված իզուր չկորի այդ թափված արյունը, տղերք»։ Այս խոսքերով էր մայոր Մկրտիչ Հարությունյանը դիմում իր հրամանատարության տակ գտնվող հատուկ նշանակության ջոկատայիններին։
Ապրիլի 11–ին Ադրբեջանի սադրանքի հետևանքով Տեղ համայնքի մոտ զոհված Մկրտիչ Հարությունյանը` նույն ինքը «սպեցնազի Մգրոն», որին այդպես էին կոչում հայրենի Սասունի բարբառով, ընկավ զենքը ձեռքին։ Նրա համար հետքայլ անել չկար։
Ցանկացած մարտական խնդիր` անկախ դրա բարդությունից , գերազանց կատարելը նրա առաքելությունն էր։ Հատուկ գործողությունների ընթացքում Մկրտիչի բոլոր քայլերը` ամենափոքր մանրուքներով անգամ, հաշվարկված էին
«Նա ի ծնե հատուկ նշանակության սպա էր. դա մտածելակերպ է, ապրելակերպ, միգուցե 100–ից մի քանիսը կարողանան այդպես։ Նա 24 ժամ հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկ էր»,–ասում են նրա զինակից ընկերները։
Մկրտիչն անձամբ էր մարտավարություններ մշակում ու սովորեցնում իր տղաներին։ Նա հրամանատար էր, որի հետևից գնում էր ստորաբաժանման յուրաքանչյուր զինծառայող` անվերապահ վստահությամբ։
Հայրենիքի համար բոլոր վտանգավոր պահերին Մկրտիչն առաջնագծում էր` ամենաբարդ և խոցելի տեղանքներում ։ 44–օրյա պատերազմում նա կռվեց 44 օր` Ջրականից մինչև Շուշի, մարտի բռնվելով հակառակորդիկ տասնապատիկ ավելի ուժի հետ։ Նա նույնիսկ անելանելի իրավիճակից դուրս էր գալիս անվնաս։
Մկրտիչը մասնագիտությամբ իրավաբան էր, որպես հատուկ ջոկատային վերապատրաստվել էր տարբեր երկրներում, զորավարժությունների մասնակցել։
Հայրը` Արմեն Հարությունյանը , որդուն միշտ հորդորել է զգույշ լինել, Մկրտիչը միշտ տվել է նույն պատասխանը.
«Պապ, ես վերապատրաստվել եմ տարբեր երկրներում, եթե դու իմ համար ես վախենում, բա մյուսներն ինչ անեն»,–հիշում է հայրը։
Մկրտիչն ուզում էր գեներալ դառնալ, որ ազգն իրենով հպարտանա։ Եղբայրը` Կորյուն Հարությունյանը շեշտում է` նա իր գործով, իր ծառայությամբ էր ապրում։
«Միշտ մտածում էր մի բան ավել անել, որ իր տղաներն ավելի հմուտ լինեն, պատրաստ լինեն ամեն ինչի»,–ասում է նա։
Մկրտիչը կիսատ թողեց նաև անձնական երջանկությունը. երկու դստրերին մեծացնելուց առաջ հայրենիքն էր կանգնած։
Ովքե՞ր են Տեղ գյուղում զոհված 4 երիտասարդները. մանրամասներ