Արարատի մարզում ՎԱԶ 2107 մակնիշի մեքենան ընկել է ձորը․ կա մահացած և տուժածներ

Շտապօգնության մեքենա. Արխիվային լուսանկար
Մահացածն ու վիրավորները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Արարատի մարզում ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, մոտ 30 մետր գլորվելով, հայտնվել ձորում, որի հետևանքով մեկ մարդ տեղում մահացել է, երկուսը տեղափոխվել են հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Մասնավորապես, երեկ` ժամը 22։45-ի սահմաններում, դեպքի մասին «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ահազանգել են ՀՀ ոստիկանության Արարատի բաժին։
Բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մեղրի-Երևան ավտոճանապարհի 308 կմ, որտեղ` Պարույր Սևակ գյուղի վարչական տարածքում, ավտոմեքենան ընկել էր ձորը։
Շտապօգնության խումբը դեպքի վայրից «Արարատ» բժշկական կենտրոն է տեղափոխել Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Ա. Հ–ի դին։
Հիվանդանոց են տեղափոխվել տուժածներ Սյունիքի մարզի բնակիչ 27-ամյա Հ. Գ–ն, Երևանի բնակիչ 26-ամյա Ա. Լ.–ն։
Մահացածն ու վիրավորները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։