Արաբական երկրների ԱԳՆ–ները կհավաքվեն Ամմանում՝ Սիրիայի հարցով խորհրդակցությունների

Ամման
Հանդիպումն անցկացվում է որպես Պարսից ծոցի երկրների, Հորդանանի, Իրաքի և Եգիպտոսի խորհրդատվական հանդիպման շարունակություն, որը կայացել է ապրիլի 14-ին Ջիդայում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Սիրիայի, Եգիպտոսի, Իրաքի, Սաուդյան Արաբիայի և Հորդանանի արտաքին գործերի նախարարները վաղը կհավաքվեն Ամմանում՝ Սիրիան Արաբական պետությունների լիգա վերադարձնելու շուրջ խորհրդակցությունները շարունակելու համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Հորդանանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությանը։
«Հորդանանում վաղը՝ մայիսի 1-ին, կկայանա Հորդանանի թագավորության, Սաուդյան Արաբիայի, Իրաքի, Եգիպտոսի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Սիրիայի արտաքին գործերի նախարարի հետ։ Այս հանդիպումն անցկացվում է ի շարունակություն Պարսից ծոցի երկրների, Հորդանանի, Իրաքի և Եգիպտոսի խորհրդատվական հանդիպման, որը տեղի է ունեցել ապրիլի 14-ին Ջիդայում»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Սաուդյան Արաբիան ապրիլին Ջիդայում խորհրդատվական հանդիպում էր անցկացրել Պարսից ծոցի վեց երկրների, Եգիպտոսի, Հորդանանի և Իրաքի արտգործնախարարների մասնակցությամբ, որպեսզի քննարկի Սիրիայի պաշտոնական իշխանությունների հետ հարաբերությունները վերականգնելու և Դամասկոսն Արաբական պետությունների լիգա վերադարձնելու հնարավորությունը, որին նրա անդամակցությունը դադարեցվել էր 2011 թվականին՝ ի նշան սիրիական իշխանությունների ներքին քաղաքականության դեմ բողոքի:
Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են սիրիական ճգնաժամի կարգավորման գործում արաբական երկրների դերի ուժեղացման անհրաժեշտության մասին:
Մի շարք արաբ վերլուծաբաններ կանխատեսում են ԱՊԼ-ին Սիրիայի անդամակցության վերականգնում մայիսի 19-ին Սաուդյան Արաբիայում սպասվող միջարաբական գագաթնաժողովից առաջ կամ դրա ընթացքում։