ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը 2023 թվականի ապրիլի 29-ից մայիսի 5-ը արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակության կազմում կմեկնի ԱՄՆ։ Այս մասին կարգադրություն է ստորագրել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, տեղեկանում ենք ԱԺ մամուլի ծառայությունից։
Նշենք, որ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնել էր, որ ԱՄՆ մայրաքաղաքում նախատեսված է անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ էր ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
2022–ի դեկտեմբերի 22-ին Երևանը հրաժարվեց մասնակցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը` Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Այդ ժամանակվանից սկսած հարցը մտավ փակուղի։
2023–ի ապրիլի 20–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում լրագրողներին ասաց, որ ինքը հավատում է խաղաղության օրակարգին, սակայն կարևոր է, որ բանակցություններում նաև նախատեսված լինեն երաշխիքներ։
Ապրիլի 27–ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ Հայաստանին բանակցությունների սեղանի շուրջ է վերադարձրել Ամերիկայի Միացյալ Նահանգները։
Հավելենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի հարցում միջնորդ դառնալու պատրաստակամություն են հայտնել և՛ ՌԴ–ն, և՛ ԱՄՆ–ն, և՛ Արևմուտքը։