Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական «FlyOne Armenia» ավիաընկերության համար

Թուրքիայի օդային տարածքով «Flyone Armenia» ընկերությունը րվերթեր է իրականացնում դեպի Եվրոպա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի–Sputnik. Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական FlyOne Armenia ավիաընկերության համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «FlyOne Armenia» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը։

«Մեզ համար անհասկանալի պատճառներով և առանց որևէ տեսանելի հիմքի Թուրքիայի ավիացիոն իշխանությունները չեղարկել են Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու՝ «FlyOne Armenia» ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը։ Չեղարկումն իրականացրել են առանց նախապես իրազեկելու՝ ավիաընկերությանն ու մեր ուղևորներին կանգնեցնելով փաստի առաջ»,–ասաց Անանյանը։

Նա հավելեց, որ ընկերությունը կապի մեջ է չեղարկված չվերթերի ուղևորների հետ և կիրազեկի նրանց հարցի զարգացումների վերաբերյալ։
Հիշեցնենք` «FlyOne Armenia»-ն 2021 թվականի հոկտեմբերի 27-ին է ստացել ավիափոխադրողի վկայական։ Թռիչքներ է իրականացնում մի քանի ուղղություններով՝ Մոսկվա, Լիոն, Փարիզ, Ստամբուլ, Բեյրութ։ Ընկերության ավիապարկը բաղկացած է Airbus A320 ինքնաթիռներից։ Ընկերությունը պատկանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։