ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի–Sputnik. ԼՂ Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ տվյալ փաստի առնչությամբ քննություն է անցկացնում», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:
Պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով` Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։
Բացի այդ, ռուսական խաղաղապահ զորակազմի ավտոմոբիլային շարասյունով Ստեփանակերտ է տեղափոխվել մարդասիրական բեռ։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Այս տարվա փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառեց` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։
Որոշումն Ադրբեջանը ոչ միայն չկատարեց, այլև ապրիլի 23-ին անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ իր վերահսկողության տակ առնելով։
Ապրիլի 28-ի երեկոյան ադրբեջանցի «էկոակտիվիստները» դադարեցրին իրենց ակցիան Լաչինի միջանցքում, քանի որ Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովը նրանց ասել էր` ապրիլի 23-ից հետո, երբ ճանապարհին անցակետ է տեղադրվել, սկզբունքորեն նոր իրավիճակ է ստեղծվել: