Կարմիր խաչի միջնորդությամբ ևս 16 հիվանդ է Արցախից տեղափոխվել Հայաստան

10 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել էին ՀՀ–ում բուժում ստանալու, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից ևս 16 բուժառու է տեղափոխվել Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
«Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից շտապ վիրահատակն միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 16 անձ այսօր, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ»,– ասված է հաղորդագրությունում
ԱՀ ԱՆ–ից հայտնում են, որ 10 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։
Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 394 հիվանդ։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Այս տարվա փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառեց` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։
Որոշումն Ադրբեջանը ոչ միայն չկատարեց, այլև ապրիլի 23-ին անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ իր վերահսկողության տակ առնելով։
Ապրիլի 28-ի երեկոյան ադրբեջանցի «էկոակտիվիստները» դադարեցրին իրենց ակցիան Լաչինի միջանցքում, քանի որ Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովը նրանց ասել էր` ապրիլի 23-ից հետո, երբ ճանապարհին անցակետ է տեղադրվել, սկզբունքորեն նոր իրավիճակ է ստեղծվել: