Իրանը մտադիր է ԵԱՏՄ–ի հետ առևտրաշրջանառությունը հասցնել 10 միլիարդ դոլարի

Իրանի և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև առևտրային փոխանակումների ընդհանուր ծավալը 2022 թվականին կազմել է 3,3 մլրդ դոլար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի–Sputnik. Իրանը մտադիր է Եվրասիական տնտեսական միության հետ առևտրաշրջանառությունը հասցնել 10 միլիարդ դոլարի: Այս մասին այսօր հայտարարել է ԻԻՀ մաքսային վարչության ղեկավար Մոհամմադ Ռեզվանիֆարը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով նախարար Էլդար Ալիշերովի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է «Իրնա» գործակալությունը։
Նշվում է, որ այս ցուցանիշին իրանական կողմը պատրաստվում է հասնել մոտ 2 տարում։
Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ նախագահ Էբրահիմ Ռայիսիի վարչակազմը վճռական է ԵԱՏՄ անդամ պետությունների հետ ռազմավարական կապերը զարգացնելու հարցում:
Իրանի և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը 2022 թվականին կազմել է 3,3 մլրդ դոլար։ Իրանն այս տարի ԵԱՏՄ երկրներ է արտահանել 1,5 մլրդ դոլարի և ներմուծել 1,7 մլրդ դոլարի ապրանք:
Մարտի վերջին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ՌԴ-ն և Իրանը պայմանավորվել են հետագայում ևս առաջ տանել Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցային գործընթացը: Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագիրը ստորագրվել է 2018թ.–ի մայիսին:
ՌԴ–ն Իրանի և ԵԱՏՄ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի հարցում առաջընթաց է տեսնում