Աղետները վրա հասան երկար տարիներ ժողովրդավարություն չունենալու պատճառով. Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետը հայտարարել է, որ 44–օրյա պատերազմի ու դրան հաջորդած իրադարձությունների պատճառը երկար տարիներ ժողովրդավարություն, օրինականություն, քաղաքացիական ազատ բանավեճի բացակայությունն էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Այսօր փորձ է արվում թույլ չտալ քաղաքական, քաղաքացիական և քաղաքագիտական մտքի զարգացումը, բայց հենց օրինապահության վրա պիտի կառուցվի ՀՀ ապագան: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաղաքացու օրվա առթիվ հղած իր ուղերձում։
Փաշինյանը շեշտել է, որ 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանի Հանրապետությունում որևէ մակարդակի որևէ ընտրություն չի կեղծվել, և քաղաքացին հնարավորություն է ունեցել կայացնել որոշումներ՝ ավագանի, համայնքի ղեկավար, Ազգային ժողով և վարչապետ ընտրել ազատ կամարտահայտությամբ:
«Հենց սա էր 2018 թվականի Հեղափոխության առաջնային և առանցքային նպատակներից մեկը, որ իրագործված է լիովին: Հայաստանի Հանրապետությունում չկան քաղբանտարկյալներ, չկա որևէ միտք, գաղափար, տեղեկատվություն, որ հնարավոր չէ հանրությանը հասցնել հեռուստատեսային եթերով կամ զանգվածային լրատվության միջոցներով, սոցիալական ցանցերը, քաղաքական, հանրային և տնտեսական գործունեությունն ազատ են լիովին»,–նշել է Փաշինյանը:
Անդրադառնալով ընդդիմախոսների պնդմանը, թե ավելի լավ էր երկրում չունենալ ժողովրդավարություն, բայց և չունենալ այն աղետալի ձախողումները, որ ունեցանք 44-օրյա պատերազմում և դրանից հետո, Փաշինյանը հայտարարել է.
«Գոնե այսօր պիտի համարձակություն ունենամ ասելու. այդ աղետները վրա հասան երկար տարիներ ժողովրդավարություն, օրինականություն, քաղաքացիական ազատ բանավեճ չունենալու հետևանքով, այն տաբուների, կաղապարների և «ճշմարտությունների» պատճառով, որոնք ստեղծվել էին բարեհունչ վերնագրերի ներքո, բայց ո՛չ հանուն պետականության: Մենք ժամանակին չկարողացանք հաղթահարել այդ տաբուներն ու կաղապարները և դա էր, թերևս, մեր մեծագույն ձախողումը»:
Փաշինյանը վստահ է, որ ՀՀ քաղաքացին պարտավոր է լինել հպարտ, որովհետև այսպես դիմակայել դարակազմիկ մարտահրավերներին՝ երկիրն ու տնտեսությունը զարգացնելով, ժողովրդավարության էությանն ու արժեքներին չդավաճանելով՝ հպարտության իրական աղբյուր է:
Մայր օրենքով երաշխավորված իրավունքները ՀՀ քաղաքացու համար անցաթուղթ են. Ալեն Սիմոնյան
Հիշեցնենք, որ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում կատարված փոփոխությամբ 2019 թվականից ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր։
Այս օրը նշվել է միայն 2019 թվականին, միջոցառումներ են նախատեսված նաև այս տարի։
ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում` ընդհանուր առմամբ 66 համայնքում, այսօր նախատեսված է կազմակերպել Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներ։
Միջոցառումները բաղկացած են 2 մասից՝ բանախոսություն և մշակութային միջոցառում:
Երևանում բանախոսությունները մեկնարկելու են ժամը 12:00-ին, իսկ մշակութային միջոցառումները՝ ժամը 13:30-ին: Մարզերում բանախոսությունները նախատեսված են ժամը 11:00-ին և 15:00-ին, որոնց հաջորդելու են մշակութային միջոցառումները: