Ղազախստանը ՀՀ–ի հետ համագործակցության հնարավորություններ է տեսնում գրեթե բոլոր ոլորտներում

Աստանայում հնարավոր է` բացվի ԹՈւՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik.Ղազախստանը համագործակցության հնարավորություններ է տեսնում Հայաստանի հետ գրեթե բոլոր ոլորտներում և պատրաստ է հայ սպառողին առաջարկել 266,9 մլն դոլար արժողությամբ 100 վերամշակված ապրանք: Այս մասին հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ Սերիկ Ժումանգարին Երևանում կայացած հայ-ղազախական տնտեսական համագործակցության նիստի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Ղազախստանի ապրանքների և ծառայությունների արտադրողները շահագրգռված են հայկական կողմի հետ գործարար կապերի հաստատմամբ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են երկաթուղիների և ավտոճանապարհների կառուցումը, ջեռուցման ցանցերի արդիականացումը, քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքների թարմացումը և սննդի արդյունաբերությունը»,– ասել է նա։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նշել է, որ հայկական կողմը շահագրգռված է Աստանայում ԹՈւՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղ հիմնելու հարցում և պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Ղազախստանի գործընկերներին այս ուղղությամբ։
ՀՀ–ն ու Ղազախստանը պատրաստ են զարգացնել ռազմական ոստիկանությունների համագործակցությունը
Միջկառավարական հանձնաժողովի համանախագահների կողմից նիստի ավարտին ստորագրվել է արձանագրություն: