Երևանում ապօրինի օտարվել են երկաթգծին հարակից տարածքներ. նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, չարաշահելով իրենց լիազորությունները, պաշտոնեական կեղծիք կատարելու եղանակով, մասնավորեցման ոչ ենթակա գույքը օտարել են մի շարք քաղաքացիների։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ 1-ին փողոցով անցնող երկաթգծին հարակից տարածքները՝ ընդհանուր օգտագործման, մասնավորեցման ոչ ենթակա հողերը, սեփականության իրավունքով օտարվել են մի շարք քաղաքացիների՝ պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս։ Այս մասին հայտոնում է ՀՀ դատախազությունը։
ՀՀ դատախազությունից հայտնում են, որ Երևան քաղաքի դատախազությունը 2023 թվականի հունվարի 30-ին և 2023 թվականի փետրվարի 14-ին հարցումներ է ուղարկել համապատասխանաբար Կադաստրի կոմիտե և Քաղաքաշինության պետական կոմիտե` ստուգելու ՏԿԵՆ–ից ստացված տեղեկատվությունը:
Կոմիտեներից պատասխանել են, որ այդ տարածքում գտնվող անշարժ գույքը գտնվում է հասարակական նշանակության կանաչ տարածքների և բուֆերային գոտիներում, իսկ հասարակական նշանակության կանաչ գոտիների տարածքներում ընդգրկված հողերի զգալի մասը սեփականության իրավունքով օտարվել է մի շարք անձանց։
Արաքս համայնքի ավազի լվացման կետերում կասեցվել է ապօրինի ջրառը
Ինչ վերաբերում է Քաղաքաշինության պետական կոմիտեին, ապա այնտեղից հայտնել են, որ հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ չեն ստացել:
Առերևույթ փաստական տվյալներ ձեռք բերելով, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն իրենց լիազորությունների չարաշահմամբ մասնավորեցման ոչ ենթակա գույքը՝ ընդհանուր օգտագործման հողերը, սեփականության իրավունքով օտարել են մի շարք քաղաքացիների՝դատախազը 2023 թվականի մարտի 20-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե։
2023 թվականի մարտի 29-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից պաշտոնական շրջանառության մեջ գտնվող կամ շրջանառության ենթակա փաստաթղթի բովանդակությունը աղավաղելը)։
«Երևանի Ալրաղացի» տարածքում քանդման աշխատանքներն ապօրինի էին. ՔՏՀԱ-ն` մետրոյի դեպքի մասին