ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը դժվարացել է «Վերին Լարս» անցակետի ցածր թողունակության պատճառով։ Այս մասին, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, «Հարկային էկոհամակարգ. մարդիկ և տեխնոլոգիաները» համաժողովի ժամանակ հայտարարել է Wildberries հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը։
Ըստ Բակալչուկի` իրավիճակն ամռանը կարող է վատթարանալ, երբ Հայաստանում մեկնարկի ծիրանի բերքահավաքը։
«Մշտական խնդիր ունենք Վերին Լարսի մաքսատան հետ։ Կարծում եմ, որ նրանք, ովքեր ևս օգտվում են այդ ճանապարհից, տեղյակ են դրանից։ Այստեղ խնդիրը նույնիսկ ոչ թե փաստաթղթերի հետ է կապված, այլ զուտ ֆիզիկապես տվյալ անցակետը չի կարող մեծ թվով մեքենաներ բաց թողնել, չնայած, որ 2022 թվականին երթևեկելի գոտիների քանակը 3-ից հասցվել է 6-ի», – ասել է Բակալչուկը։
Տվյալ ուղղությամբ լոգիստիկան վերակառուցելու վերաբերյալ վերջերս տեղի ունեցած քննարկումների ընթացքում առաջարկ է հնչել դիտարկել ծովով այլընտրանքային ճանապարհը, քանի որ երբ ամառը գա, և Հայաստանից սկսեն ծիրան արտահանել, այդ ժամանակ հաստատ ոչ ոք չի կարողանա ոչ այս, ոչ այն կողմ տեղափոխել ապրանքը, ասել է Wildberries–ի ղեկավարը։
Նշենք, որ ՌԴ–ն և Հայաստանը ընդհանուր սահման չունեն, սակայն Հայաստան կարելի է մուտք գործել Վրաստանով։ «Վերին Լարս» անցակետը Ռուսաստանի և Վրաստանի միջև ցամաքային միակ օրինական անցումն է։