Ո՞վ է Հայաստանում լավ ապրում, կամ ո՞ւմ աշխատավարձերի մասին է խոսում Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանն ասուլիսին. Արխիվային լուսանկար
Տնտեսագիտության դոկտոր Կարեն Ադոնցը Sputnik Արմենիայի հետ զրույցում չի բացառել, որ Հայաստանում կան բարձր վարձատրվող աշխատողներ, բայց ՀՀ շարքային քաղաքացու կյանքը, ըստ պաշտոնական վիճակագրության թվերի, չի փոխվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Հաճախակի հնչող հայտարարությունը, թե Հայաստանում բարձրացել է միջին աշխատավարձը, իրականում չի արտացոլում մեր երկրում առկա իրական վիճակը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագիտության դոկտոր Կարեն Ադոնցը` մեկնաբանելով ՀՀ վարչապետի հայտարարությունը, թե Հայաստանում միջին աշխատավարձի աճը մի քանի անգամ գերազանցել է գնաճը։
Մեր զրուցակցի դիտարկմամբ` եթե անգամ վերջին 1 տարում ՀՀ-ում աշխատավարձեր են բարձրացել, դրանք վերաբերել են կոնկրետ ոլորտների։
«Օրինակ` ՏՏ ոլորտում մենք ահագին մարդիկ ունենք, որոնք դրսից են եկել, և նրանց աշխատավարձերը շատ բարձր են, անհամեմատ բարձր են մնացած ոլորտներից։ Այսպես ասենք` շուրջ 50 000 մարդ է եկել Հայաստան, որոնցից 10-20 հազարը ՏՏ ոլորտից են։ Այդ մարդկանց միջին աշխատավարձը շատ բարձր է, և դա ազդում է ընդհանուր միջին աշխատավարձի ցուցանիշի վրա։ Իրականում ավելացել են ոչ թե աշխատավարձերը, այլ բարձր աշխատավարձ ստացող անձանց թիվը ՀՀ–ում, ինչն էլ ազդել է ընդհանուր ցուցանիշի` միջին աշխատավարձի թվի վրա։ Բայց դա չի արտացոլում ընդհանուր սոցիալ– տնտեսական իրավիճակը»,– ասում է մասնագետը։
Բացի այդ կառավարության առանձին որոշումներով տարվա ընթացքում բարձրացվել են պետական համակարգում աշխատողների աշխատավարձերը։ Սա ևս իր հերթին ազդեցություն է ունեցել ընդհանուր վիճակագրության վրա։
«Պետական համակարգում աշխատավարձերը էապես բարձրացել են։ Իսկ պետական համակարգում 200 000-ից ավելի մարդ է աշխատում։ Եթե մենք խոսում ենք Հայաստանում մոտ 700 000 աշխատատեղերի մասին, դրանցից 200 000-ը պետական համակարգի աշխատողներն են։ Բնական է, որ նրանց աշխատավարձերի բարձրացումը ևս պետք է ազդեր միջին աշխատավարձի թվի վրա»,– նկատում է Ադոնցը։
Դատախազների աշխատավարձը գրեթե կրկնակի կբարձրանա. ԱԺ–ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը
Բայց այս բարձրացումը ևս, մեր զրուցակցի համոզմամբ, կարող է վերագրվել ՀՀ բոլոր աշխատողներին ու հատկապես տնտեսության արդյունաբերական ճյուղերում աշխատող ՀՀ քաղաքացիներին։
Բանն այն է, որ տնտեսության հիմնական շարժիչ ուժն անցնող մեկ տարում եղել են ծառայությունների, առևտրի, շինարարության ու ՏՏ ոլորտները, որտեղ և արձանագրվել է եկամուտների որոշակի աճ, որն էլ արտացոլվել է աշխատատեղերի ու աշխատավարձերի վիճակագրության մեջ։
Հարցին, թե որքանով է ՀՀ քաղաքացին իր կյանքում իրապես զգում Փաշինյանի հրապարակած թվերի ազդեցությունը, Կարեն Ադոնցը պատասխանեց. «Զգում է այնքանով, որքանով կապված է այդ ոլորտների հետ։ Օրինակ` արտադրական ոլորտներում աճ չունեն ընդհանրապես։ Պատկերացրեք` մեզ մոտ արտաքին ապրանքաշրջանառությունը, առևտուրը կրկնակի ավելացել են, բայց արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը ընդհանրապես չեն աճել»։
Առևտրի, շինարարության, ծառայությունների ոլորտներում գրանցված աճն էլ Կարեն Ադոնցն ուռճացված է համարում` համոզմունք հայտնելով, որ հնարավոր առաջին իսկ ճգնաժամի դեպքում առաջինը տուժելու հենց այս ոլորտները։
Հիշեցենք` ապրիլի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության նիստում հայտարարեց, որ 2023թ-ի մարտին ՀՀ-ում միջին աշխատավարձը 2022թ-ի մարտի համեմատ աճել է 58 000 դրամով կամ 23.9 տոկոսով։ Մինչդեռ նույն ժամանակահատվածում` մարտը մարտի նկատմամբ 12-ամսյա գնաճը կազմել է 5.4 տոկոս։ Պաշտոնական վիճակագրության համաձայն` միջին աշխատավարձի աճը 4-5 անգամ գերազանցել է գնաճը։
ՀՀ առաջին ատյանի 220 դատավորների աշխատավարձերը կբարձրանան