ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Ադրբեջանական զինված ուժերի թիրախում կրկին Արցախի խաղաղ բնակիչներն են. կրակել են տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացու ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 28-ին, Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքում։
«Նախիջևանիկի ղեկավար Սևակ Պետրոսյանից հաղորդում է ստացվել, որ նշված գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հակառակորդի մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակել են քաղաքացու ուղղությամբ: Պարզվել է, որ նույն օրը` ժամը 11:05-ի սահմաններում, Ասկերան քաղաքի բնակիչ Արթուր Ռամազյանը, «Բելառուս 82» մակնիշի տրակտորով, նշված տարածքում գտնվող նռան այգում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս է եղել։ Հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներով կրակ է արձակվել տրակտորի ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Ասկերանի բնակիչը գյուղատնտեսական աշխատանքները դադարեցրել է։
Դեպքի մասին հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին նույնպես ադրբեջանական ԶՈւ–ն կրակել էր Ասկերանի շրջանում դաշտում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող արցախցու ուղղությամբ։