Սուդանում գնդակոծել են թուրքական տարհանող ինքնաթիռը, կա վիրավոր

Խարթում, Սուդան. Արխիվային լուսանկար
Թուրքիայի ռազմական գերատեսչությունը հայտարարություն է արել Սուդանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Թուրքիայի ՊՆ–ն հաստատել է Սուդանում Ս-130 տարհանող ինքնաթիռի գնդակոծման փաստը, անձնակազմը չի տուժել։
Ավելի վաղ Սուդանի բանակը սոցցանցերում հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Սուդանում տարհանման համար ներգրավված թուրքական ՌՕՈւ–ի ինքնաթիռը ռազմական օդանավակայանում վայրէջք կատարելիս վնասվել է գնդակոծման ժամանակ՝ Խարթումից դեպի հյուսիս ընկած հատվածում, անձնակազմի անդամներից մեկը վիրավորվել է։
«Մեր Ս-130 տարհանող ինքնաթիռը, որն ուղևորվում էր Վադի–Սաիդնա օդանավակայան մեր քաղաքացիներին տարհանելու համար, գնդակոծվել է հրաձգային զենքից։ Ինքնաթիռը հաջողությամբ վայրէջք է կատարել։ Մեր անձնակազմը չի տուժել», – ասվում է Twitter–ում հրապարակված Թուրքիայի ռազմական գերատեսչության հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ ապրիլի 15-ից Սուդանում մարտեր են ընթանում Մուհամմեդ Դագլոյի հրամանատարությամբ գործող արագ արձագանքման ուժերի և կանոնավոր բանակի միջև։
Ֆրանսիան փակել է Սուդանում իր դեսպանատունը
Սուդանի հակառակորդ ուժերը հակասական հայտարարություններ են տարածում ռազմական հաջողությունների և օբյեկտների վերահսկման մասին՝ լայնածավալ տեղեկատվական պատերազմ վարելով ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում։