ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ևս 12 անձի վերաբերյալ քրեական վարույթը («Գաղտնի» նշագրմամբ) մեղադրական եզրակացությամբ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։
Հիշեցնենք, որ վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 3 դրվագ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում և պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)։
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մանուկ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ),իսկ ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին` ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով և պաշտոնեական դիրքն օգտագործելով)։
Մեղադրանք է ներկայացվել նաև «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փաստաթղթի կեղծում) և ևս 9 անձի:
Հավելենք, որ ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության` Սեյրան Օհանյանն անցնում է նաև մեկ այլ քրեական գործով, որը վերաբերում է ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերին, մասնավորապես` ՊՆ-ի կողմից անպիտան հրթիռներ գնելուն:
Մասնավորապես, ըստ քրեական գործի նյութերի` 2018 թվականին ձեռք է բերվել 4232 հատ ժամկետանց հրթիռ։ Ընդ որում՝ նշված ռազմաթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամին համարժեք 4.655.200 ԱՄՆ դոլար գումարի հափշտակություն։