Պուտինը ստորագրել է ՀԱՊԿ կանոնադրության փոփոխությունների մասին օրենքը

Վլադիմիր Պուտին. Արխիվային լուսանկար
Փոփոխություններով նախատեսվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հնարավորություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ՀԱՊԿ կանոնադրության փոփոխությունների մասին օրենքը, որի համաձայն կազմակերպության անդամները փոխգործակցում են նաև կենսաբանական անվտանգության ոլորտում: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
«Չորրորդ արձանագրությամբ նախատեսվում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունները փոխգործակցում են նաև կենսաբանական անվտանգության ոլորտում։ Բացի այդ, սահմանվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հնարավորությունը` ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ»,- ասված է փաստաթղթին կից բացատրական գրության մեջ։
Օրենքը նախատեսում է վավերացնել ՀԱՊԿ-ի 2002 թվականի հոկտեմբերի 7-ի կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին չորրորդ արձանագրությունը, որը ստորագրվել է 2022 թվականի օգոստոսի 26-ին:
ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: