Որքան ավելի են ծերանում Հայրենական մեծ պատերազմի վետերանները, այնքան ավելի շատ նվերներ են շտապում տալ նրանց: Այս «օրինաչափությունը» վետերաններին վաղուց է հայտնի։ Անկեղծ սրտով փոխանցված նվերների համար երախտագիտություն են հայտնում. «Շնորհակալ ենք ուշադրության համար»։
«Իմ տարիներն իմ հարստությունն են, ընկերներս իմ դեղերն են»,- ասում է Լենինգրադի շրջափակումը վերապրած Գալինա Պավլովնա Պետրուխինան, որի 85-ամյակը այսօր նշեցին Հայաստանի Վետերանների միությունում։ Ռուսական «Ժառանգություն և առաջընթաց» բարեգործական հիմնադրամը հոբելյանի կապակցությամբ վետերանների հերթական հանդիպում էր կազմակերպել ու նվերներ պատրաստել նրանց համար: Հետո զգուշացրին՝ առաջիկա շաբաթներին նրանց ևս մի քանի այսպիսի հաճելի հոգս կպատճառեն։
Վետերանների դեմքներին այնպիսի ժպիտներ էին, աչքերում՝ այնքան լույս, որ նույնիսկ «կյանքից հոգնած» 30-40 տարեկանները, նրանց տեսնելով, ուղղվում էին ու սկսում ժպտալ։
«Դու քանի՞ տարեկան ես։ Երեսունյո՞թ։ Ուրեմն ես քեզնից երկու անգամ մեծ եմ։ Դու էլ իմ տարիքին կհասնես, միայն մի բան հիշի՛ր` ապրիր առանց չարության», - ասաց վետերան Վարոս Ավետիսյանը, որի 100-ամյակին՝ ապրիլի 3-ին, Գետազատ գյուղում գտնվող նրա տուն են այցելել մարզպետարանի, պաշտպանության նախարարության և ՌԴ դեսպանատան ներկայացուցիչները։
«Վատն է այն է, որ ամբողջ Հայաստանում մեզնից ամենաշատը 50 հոգի է մնացել, այնինչ ժամանակին հիսուն հազար էինք»,- ավելացրեց Ավետիսյանը։
Ավարտելով Թբիլիսիի սպայական դպրոցը՝ նա պատերազմը սկսել է որպես լեյտենանտ Հյուսիսային Կովկասում, շարունակել է Ստալինգրադում, այնուհետև Բելառուսական 3-րդ ճակատի կազմում ազատագրել է Մինսկն ու Վարշավան։ Այն ստորաբաժանումները, որտեղ նա ծառայել է, մնացել են ազատագրված Լեհաստանում՝ պահելով Բեռլինի վրա հարձակման թիկունքը։
«Ռազմաճակատի հրամանատար մարշալ Բաղրամյանը զգուշացնում էր մեզ՝ սպաներիս. «Զգույշ եղեք տեղի բնակչության հետ շփվելիս, զինվորներին հրահանգեք նույնը անել»: Նա փորձառու զինվորական էր, գիտեր` ինչ է ասում։ Իհարկե, կային նաև լեհական ջոկատներ, որոնք օգնում էին մեզ։ Մենք նրանց հետ կապի մեջ էինք, նրանք մեզ զգուշացնում էին, թե ով և որտեղից կարող է հարձակվել, որտեղ են գտնվում թշնամու խմբավորումները։ Բայց ոչ բոլորն էին մեզ աջակցում»,- հիշում է Ավետիսյանը։
Մայիսի 9-ից հետո պատերազմը նրա համար չի ավարտվել. մոտ մեկ տարի ծառայել է Լիտվայում, որտեղ ստիպված է եղել դիմակայել հակասովետական ընդհատակյա ջոկատներին (պաշտոնական տվյալներով՝ հետպատերազմական տարիներին այդ ջոկատների գրոհայինները մոտ 25 հազար մարդ են սպանել, որոնցից ավելի քան 20 հազարը լիտվացիներ էին. խմբ)։
Պատերազմի տարիներին հրետանային գնդում ծառայող Ավետիսյանը բազմիցս տեսել է ռազմաճակատի հրամանատարներին՝ թե՛ մարշալ (այն ժամանակ՝ բանակի գեներալ) Բաղրամյանին, թե՛ բանակի գեներալ Իվան Չերնյախովսկուն։ Թե՛ մեկը, թե՛ մյուսը անընդհատ շրջում էին բոլոր ստորաբաժանումներով, զրուցում մարտիկների հետ։
«Չերնյախովսկին ոսկի մարդ էր․․․ հաճախ էի նրան տեսնում շրջայցերի ժամանակ։ Պտտվում էր խրամատներում` ոտքից գլուխ ցեխի մեջ, չսափրված, մեզ հետ նստում, թեյ էր խմում»,-ավելացնում է Ավետիսյանը։
Վետերանը պատմում է, որ ինքն ընկերների հետ մոտ է եղել այն վայրին, որտեղ Չերնյախովսկին ստորաբաժանումներով շրջելու և նրանց պատրաստվածությունը ստուգելու ժամանակ մահացու վիրավորում է ստացել թշնամու արկի բեկորից։ Երբ զինվորները վազելով մոտեցել են, գեներալն արդեն արնաքամ էր լինում։
«Հինգ մատի պես հայոց պատմություն գիտեր։ Միշտ զարմանում էի, թե որտեղից»,-հիշում է Ավետիսյանը։
Իր՝ Ավետիսյանի հրամանատարության տակ միայն հայեր չէին։ Նրանք միասին նաև հետախուզության էին գնում։ Մինչև նրանց վերադարձը օրապահիկները պահում էին վաշտի խոհանոցում։
«Մի անգամ խոհարար Նադիբաիձեն մոտեցավ ինձ, ասաց․ «Ընկեր լեյտենանտ, օրապահիկները չկան»։ 3-4 օր հետո նորից թողեցինք, նորից անհետացան։ Ես էլ քիմիական մատիտ քսեցի հացի կտորների վրա․ այն ժամանակ հացը սև էր, չէր երևում։ Հաջորդ օրը սանիտարական մասի ղեկավար Նասիրովային ասացի․ «Բոլորին կշարես, լեզուները կստուգես»։ Նա մոտեցավ մեկին, տեսավ՝ լեզուն մանուշակագույն է։ Ես նրան ասացի․ «Հինգ քայլ առաջ արի․․․ հիմա լեզուդ ցույց տուր ընկերներիդ»։ Իսկ զինվորներին ասացի․ «Նա ձեր հացն է գողանում։ Ինքներդ որոշեք՝ տրիբունա՞լ ենք տալիս, թե՞ ձեր դատաստանին ենք թողնում»։ Ասացին՝ մեզ թողեք։ Նրան այնպես էին ծեծել, որ հետո բերանը բացել չէր կարողանում, թրջած բամբակով էին ջուր խմացնում։ Ասաց․ «Էլ չեմ անի»։ Իսկ ես ասացի․ «Ես քեզ կրկնակի օրապահիկ կնշանակեմ, միայն թե այլևս չգողանաս»։ Եվ նշանակեցի։ Ափսոս, հետո զոհվեց»։
Ավետիսյանը պահպանել է զինակիցների հետ ընկերությունը, հյուր է ընդունել, ինքն էլ հյուր գնացել՝ թե՛ Հայաստանի տարածքում, թե՛ Կիրովաբադ՝ նախկին կարմիրբանակային Նիյազովի մոտ, որը ժամանակին նրա վաշտում էր ծառայել։
80-ականների վերջին Կիրովաբադը մնաց նոր ձևավորվող ռազմաճակատի մյուս կողմում, իսկ արդեն գրեթե 70-ամյա Ավետիսյանը մասնակցեց Երասխի պաշտպանությանը, իսկ հետո օգնեց, որ մթերք ու այլ բեռներ ուղղաթիռներով ուղարկեն Քարին տակ։
Վարոս պապը մինչև այսօր էլ հիանալի հիշողություն ունի։ Առանց չափազանցության։ Մի անգամ զրուցակցի անունը լսելով` կես ժամ հետո անունով կանչում է նրան։ Մի անգամ նրան այցելած երևանցի մի բժիշկ չի կարողացել հետաքրքրությունը զսպել և հարցրել է․ «Ինչպե՞ս եք այսքան ապրում»։ Կատակով պատասխանել է․ «Ամեն առավոտ տնամերձ հողամասում արածում եմ»։ Այնտեղ նա ավելուկ, դաղձ, դափնու տերև, անանուխ ու սերկևիլ է տնկել և մինչև օրս մշակում է։
«Այդ ամենն օգտագործում եմ և ինձ հիանալի եմ զգում։ Բայց ամենակարևորը, որ մարդու հոգին հանգիստ լինի, որ մարդկանց բարություն անի։ Եթե չար բան անես, երկար չես ապրի»,-ասում է նա։
Այս խրատով է դաստիարակում թոռներին ու ծոռներին, որոնք ոչ ավել, ոչ պակաս 51–ն են։ Կատակում է` մի ամբողջ հայկական գյուղի բնակչություն։