Խաղաղության պայմանագրի հարցում ԱՄՆ–ից ճնշումներ կան ՀՀ իշխանության նկատմամբ. «Հրապարակ»

Իշխանական թևում խոսակցություններ կան, որ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնն իր հետ Հայաստան էր բերել խաղաղության պայմանագրի, այսպես կոչված, սևագիր տարբերակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ՀՀ իշխանությունների նկատմամբ ԱՄՆ–ից ճնշումներ կան հնարավորինս սեղմ ժամկետներում խաղաղության պայմանագիրը ստորագրելու հետ կապված։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը` նշելով, որ իշխանական թիմում են այս մասին խոսում։
Թերթն ընդգծում է` անգամ խոսում են, որ մինչև մայիսի վերջ պետք է դրա նախնական տարբերակին կողմերը հավանություն տան, և որ պայմանագրի, այսպես կոչված, սևագիր տարբերակն օրերս Հայաստան է բերել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը, որը Երևանում հանդիպեց Նիկոլ Փաշինյանի հետ, ապա մեկնեց Ադրբեջան։
«Փաստաթղթի բովանդակության մասին մանրամասներ հայտնի չեն, սակայն կան տեղեկություններ, որ այն բոլորովին չի բխում Հայաստանի և Արցախի շահերից։ Մանավանդ, եթե հաշվի առնենք շաբաթներ առաջ Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը, թե մի քանի ամիս առաջ առաջարկներ են ուղարկել Հայաստանին և արձագանք չեն ստացել։ Սա խոսում է այն մասին, որ այդ առաջարկներն այնքան վատն են, որ անգամ Նիկոլ Փաշինյանը դրանց չի համաձայնում»,– գրում է թերթը։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ էր ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
2022–ի դեկտեմբերի 22-ին Երևանը հրաժարվեց մասնակցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը` Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Այդ ժամանակվանից սկսած հարցը մտավ փակուղի։
Ապրիլի 20–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում լրագրողներին ասաց, որ ինքը հավատում է խաղաղության օրակարգին, սակայն կարևոր է, որ բանակցություններում նաև նախատեսված լինեն երաշխիքներ։
Ադրբեջանը խոսում է պատմական քարտեզներով դելիմիտացիայի մասին, որն անընդունելի է. Փաշինյան