Իրանի խորհրդարանն աջակցում է ՀՀԳԾ-ին վերադառնալու ժամանակը սահմանափակելու ծրագրին

Միջուկային գործարքին վերադառնալու ժամկետները սահմանափակելու մասին նախագիծն արդեն ներկայացվել է ԻԻՀ-ի օրենսդրական մարմնին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Իրանի խորհրդարանն աջակցում է կառավարության մոտեցմանը, որի համաձայն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (ՀՀԳԾ) բանակցություններին վերադառնալու համար «ժամանակի պատուհանը» ԱՄՆ–ի համար հավերժ բաց չի մնալու։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակում և ՄԱԳԱՏԷ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մոհսեն Նազիրի Ասլը։
Նրա խոսքով` խորհրդարանը կուսումնասիրի օրինագիծը, որը ՀՀԳԾ-ի վերաբերյալ բանակցությունների անցկացման համար առավելագույն ժամկետի սահմանում է նախատեսում։
Ավելի վաղ ԻԻՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել էր, որ Իրանի կառավարություն օրինագիծ է ներկայացվել, որը ՀՀԳԾ-ի վերաբերյալ բանակցությունների անցկացման առավելագույն ժամկետի սահմանում է նախատեսում։
«Փաստորեն նա (Իրանի արտգործնախարարը) ընդգծել է այն մոտեցումը, որին հակված է կառավարությունը` հայտարարելով, որ ՀՀԳԾ–ին վերադառնալու բանակցությունների համար «ժամանակի պատուհանը» ԱՄՆ–ի համար հավերժ բաց չի մնալու, և որ այդ մոտեցումը վայելում է խորհրդարանի աջակցությունը», – նշել է Իրանի մշտական ներկայացուցիչը։
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ–ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին` Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր, որը պատժամիջոցների չեղարկում էր ենթադրում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց։ 2018 թվականի մայիսին ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը որոշում կայացրեց դուրս գալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից և վերականգնել պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում փուլ առ փուլ իր պարտավորությունների կրճատման մասին` հրաժարվելով միջուկային ուսումնասիրությունների սահմանափակումներից, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի հարցում։
Վիեննայում բանակցություններ էին ընթանում ՀՀԳԾ-ի վերականգնման և Թեհրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների չեղարկման շուրջ։ 2021 թվականի դեկտեմբերին կողմերը համաձայնության են եկել համաձայնագրի երկու նախագծերի շուրջ․ եվրոպական կողմը ներառել է դրանց շուրջ նաև Իրանի դիրքորոշումները։ Իրանի ներկայացուցիչ Բաղերի Քիանիի խոսքով՝ բանակցությունները հաջող են ընթացել, սակայն ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը Վիեննայի առաջընթացը «համեստ» է գնահատել՝ կոչ անելով Թեհրանին լուրջ վերաբերվել հարցին: