Բայց հիմա՝ մայիսյան նախագահական ընտրությունների նախօրեին, այդ խոսակցություններն ավելի հրատապ են դարձել. ոմանք համոզված են, որ պարզ մարդկային ապրումակցումը շատերին կստիպի քվեարկել հենց գործող նախագահի օգտին։
Նախադեպը կա։ Երևի հիշում եք, որ 1995 թվականին ազգայնական Իգալ Ամիրը նախընտրական հանրահավաքում երեք անգամ կրակեց վարչապետ Իցհակ Ռաբինի վրա։ Շատերը Իսրայելում մինչև հիմա հավատում են, որ այդ ամենը չստացված բեմադրություն էր, որի նպատակն էր բարձրացնել Ռաբինի վարկանիշը ընտրություններից առաջ։ Ուղղակի հատուկ ծառայությունները Իգալ Ամիրին տվել էին ոչ մարտական փամփուշտներ, բայց այդպես էլ չպարզված պատճառով դրանք փոխարինվել էին մարտական փամփուշտներով։
Ռեջեփ Էադողանն էլ ընտրողների սիրտը շահելու համար հիմա պարզապես ձևացնում է, թե կորցրել է առողջությունը, քանզի ողջ ուժերը նվիրաբերել է հայրենիքի բարգավաճման վեհ գործին, ենթադրում են ոմանք։
Իրականում Թուրքիայի առաջնորդի առողջական վիճակի մասին դատողություններ անելը ոչ միայն բարդ, այլև վտանգավոր գործ է։ Մի քանի տարի առաջ Թուրքիայի ոստիկանությունը հետաքննություն էր սկսել 30 քաղաքացիների նկատմամբ՝ կասկածելով նրանց այն բանում, որ միտումնավոր կերպով կեղծ լուրեր են տարածում Էրդողանի առողջության մասին և նույնիսկ գուժում նրա մահը։
Ու չնայած նախագահի կողմնակիցները փորձում էին սոցիալական ցանցերում հուժկու հակահարված հասցնել իրենց կուռքի մասին վատ լուրեր տարածողներին, Էրդողանի առողջության մասին ստույգ տվյալների բացակայությունն ավելացնում էր կասկածները. եթե բան չեն ասում, ուրեմն մարդն իրոք շատ վատ, միգուցե նույնիսկ օրհասական վիճակում է։
Այսքան տարվա ընթացքում պաշտոնապես հաղորդվել է միայն, որ 2011 և 2012 թվականներին Էրդողանը երկու անգամ վիրահատվել է։ Բայց եթե հրապարակավ ասվել է, որ այդ վիրահատություններից հետո ամեն ինչ կարգավորվել է, ապա Վիքիլիքսը ժամանակին գաղտնազերծել է բժիշկներից մեկի խոստովանությունը, իբր Էրդողանը հաստ աղիքի չբուժվող քաղցկեղ ունի։
Ավելին, Էրդողանի կուսակից Ֆեյզի Իշբաշարանը մոտ 4 տարի առաջ ասել է. «Երեք տասնամյակ է, ինչ ճանաչում եմ նրան, և կարող եմ հաստատ ասել, որ հիմա նա առողջության հետ կապված լուրջ պրոբլեմներ ունի։ Մարդկանց հետապնդելու փոխարեն լավ կլիներ, որ ստույգ տվյալներ հրապարակեր, չէ՞ որ նրա առողջական վիճակը հետաքրքրում է ոչ միայն համակիրներին և ընդդիմությանը, այլև ողջ Թուրքիային»,- ասել է Իշբաշարանը, որին 2021 թվականին ազատազրկել էին երկու տարով։
Առաջնորդների առողջական վիճակը թաքցնելու ավանդույթներն, իհարկե, նոր չեն ստեղծվել։ Ռուսաստանյան աղբյուրները վկայում են, որ 17-րդ դարում Մոսկվայում թագավորների առողջության մասին ասեկոսեներ տարածելու համար կարող էին կտրել մարդու լեզուն։
Արդեն մեր ժամանակներում հայտնի քաղաքական գործիչ լորդ Օուենը, որը կրթությամբ բժիշկ էր, բավական հետաքրքիր գիրք է հրապարակել, որում վերլուծել է վերջին հարյուրամյակում իշխած առաջնորդների հիվանդությունների ազդեցությունը նրանց կայացրած որոշումների և ընդհանրապես պատմության ընքացքի վրա։
Ընդ որում, հիվանդությունները կարող են շատ տարբեր լինել, բայց, իմ կարծիքով, ամենահետաքրքիրն այսպես կոչված հիբրիս-սինդրոմն է։
Չեմ ուզում մտնել մանրամասների մեջ, մանավանդ, որ բժշկական գիտելիքներ էլ չունեմ, բայց մասնագետները պնդում են, թե հիբրիս-սինդրոմն այն է, երբ ղեկավարը կորցնում է իրականությունը ճիշտ գնահատելու ունակությունը։ Դա սովորաբար պայմանավորված է ամենատարբեր հանգամանքներով։
Օրինակ, մարդը, որը երկիր ղեկավարելու համար բացարձակ ո′չ ունակություն, ո′չ էլ գիտելիքներ ունի, հանկարծ պատահականորեն դառնում է նախագահ կամ վարչապետ։ Գաղտնիք չէ, որ նրա ինքնավստահությունը սկսում են խորացնել նրան շրջապատող քծնողները։ Եվ, ի վերջո, այդ մարդը ինքն էլ է զարմանում՝ ախր, միշտ էլ գիտեի, որ տաղանդավոր եմ, բայց որ հանճար եմ, ու ինձնից լավ ղեկավար երկիրը երբեք չի ունեցել՝ ա′յ, սա, իհարկե, ինձ համար էլ է նորություն։
Մարդը, որն իսկի բանակում չի ծառայել, սկսում է հանկարծ անկեղծորեն հավատալ, որ ռազմական գործի անզուգական գիտակ է։ Մարդը, որը թերթային հոդվածներից բացի կյանքում ոչինչ չէր գրել, հանկարծ հաստափոր գիրք է հրատարակում, որով հիանում են նրա հավատարիմ երկրպագուները։
Մարդը, որը երբեք որևէ հիմնարկում իսկի բաժին էլ չի ղեկավարել, հանկարծ սկսում է կառավարել մի ողջ պետություն։ Այսինքն` ղեկավարը, որը տառապում է հիբրիս-սինդրոմով, անկեղծորեն համոզված է՝ եթե որևէ լավ բան կա այս երկրում՝ իր շնորհիվ է, իսկ բոլոր ձախողումների համար պատասխանատու են ուրիշները։ Համաձայնե′ք` լրիվ ծանոթ պատկեր է։