ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Ղազախստանն ու Հայաստանը պատրաստ են զարգացնել ռազմական ոստիկանությունների համագործակցությունը։ Տեղեկությունը հայտնում է Ղազախստանի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ղազախստանի զինված ուժերի ռազմական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Դաստան Նուրկելդիևը Ալմաթիում հանդիպել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պարեկային ծառայության պետ Գրիգոր Եղիազարյանի գլխավորած պատվիրակության հետ:
«Կողմերը հայտնել են, որ պատրաստ են զարգացնել Ղազախստանի և Հայաստանի զինված ուժերի ռազմական ոստիկանությունների փոխգործակցությունը», -ասված է հաղորդագրության մեջ:
Հանդիպման մասնակիցները զորքերում իրավակարգի ապահովման և կոռուպցիային հակազդելու, զինվորական ծառայության անվտանգության, զորքերի ծառայության կազմակերպման և հակադիվերսիոն գործունեության փորձի փոխանակում են արել:
Նշվում է, որ միջոցառումը կայացել է երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև 2023 թվականի համագործակցության պլանի համաձայն: