ՀՀ քննչական կոմիտեն և TikTok–ը կհամագործակցեն. պայմանավորվածություն է ձեռք բերվել

Նշված համագործակցությունը կնպաստի առցանց սոցիալական հարթակի շրջանակներում հանցագործությունների կանխմանն ու կանխարգելմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն և TikTok ընկերությունը համագործակցության շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել։ Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։
«Կառույցների միջև ձեռք է բերվել համաձայնություն ընկերության հարթակում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ տեղեկության հրապարակման դեպքերում արագ արձագանքման և անհրաժեշտ տեղեկության հրատապ փոխանակման մեխանիզմների գործարկման վերաբերյալ՝ լիարժեք պահպանելով օրենսդրության պահանջները»,– ասված է հաղորդագրությունում։
Նշված համագործակցությունը կնպաստի առցանց սոցիալական հարթակի շրջանակներում հանցագործությունների կանխմանն ու կանխարգելմանը։ Նպաստելու է նաև հանցագործության հնարավոր դրսևորումների արձագանքման օպերատիվության բարձրացմանը և բացահայտմանը։