Հայաստանի 66 համայնքում կանցկացվեն Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներ

Քաղաքացու օր, 2019. Արխիվային լուսանկար
Երևանում և մարզերում միջոցառումները լինելու են բանախոսությունների և մշակութային ֆորմատներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում` ընդհանուր առմամբ 66 համայնքում ապրիլի 29-ին կազմակերպվելու են Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
«Միջոցառումները բաղկացած են 2 մասից՝ բանախոսություն և մշակութային միջոցառում: Բանախոսություններին մասնակցելու են 14-21 տարեկան պատանիներ և երիտասարդներ, որոնք հնարավորություն կունենան ոչ միայն լսել հրավիրված բանախոսին քաղաքացու ակտիվ դիրքորոշման, պետության զարգացման տեսլականի և երկրի զարգացման հարցում սեփական դերակատարումը գիտակցելու թեմաներով, այլ նաև ծավալել հետաքրքիր քննարկումներ: Հրավիրված բանախոսները կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների ներկայացուցիչներ են»,– ասված է հաղորդագրությունում։
Երևանում բանախոսությունները մեկնարկելու են ժամը 12:00-ին, իսկ մշակութային միջոցառումները՝ ժամը 13:30-ին: Մարզերում բանախոսությունները նախատեսված են ժամը 11:00-ին և 15:00-ին, որոնց հաջորդելու են մշակութային միջոցառումները:
Հիշեցնենք, որ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում կատարված փոփոխությամբ 2019 թվականից ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր։
Այս օրը նշվել է միայն 2019 թվականին։