ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Հայաստանը Ֆրանսիայի հետ քննարկում է և ակնկալում է աջակցություն, որպեսզի միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկվի Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին Ջերմուկում հայտարարել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանը, հայտնում է «Արմենպրեսը»։
Ըստ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի` Ֆրանսիան կարող է օգտակար լինել Հայաստանին թե՛ երկրի անվտանգության հետ կապված խնդիրները լուծելու, թե՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։
«Ֆրանսիան միանշանակ բազմաթիվ հարցերում կարող է օգտակար լինել և օգնել Հայաստանին։ Գիտեք, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստան է ուղարկվել Պրահայում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով, որում կարևոր դերակատարում է ունեցել Ֆրանսիայի նախագահը։ Ֆրանսիան շարունակում է ճանապարհներ փնտրել Հայաստանին օգնելու հարցում։ Այս պահին մենք տեսնում ենք Ֆրանսիայի կողմից մեծ հետաքրքրություն, որպեսզի կարգավորվի իրավիճակը Լաչինի միջանցքում»,– ասել է Գրիգորյանը։
Նա նշում է, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարին առաջարկել էին այցելել Ջերմուկ, որպեսզի նա ավելի լավ պատկերացնի ստեղծված իրավիճակը։
«Մեր քննարկումներից ես տպավորություն ունեմ, որ նախարարն ամբողջովին պատկերացնում է իրավիճակը»,- ասել է Արմեն Գրիգորյանը։
ԱԽ քարտուղարը հայտարարել է նաև, որ Երևանն առաջարկում է ընդլայնել Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության կարողությունները։
«Մեր բոլոր գործընկերներին առաջարկում ենք, որպեսզի ավելացնեն թե՛ մարդկանց թվաքանակը, թե՛ նաև այլ կարողությունները, որպեսզի դիտորդները կարողանան ավելի պատշաճ դիտարկում իրականացնել»,- ասել է Արմեն Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ դիտորդների թվաքանակը բավարար չէ Հայաստան– Ադրբեջան սահմանին մոնիթորինգ իրականացնելու համար։
Հիշեցնենք` փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց անդամներից 50–ը ժանդարմներ են։
Ռուսաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ մեկնաբանելով Հայաստանում ԵՄ նոր միջնորդական առաքելության մեկնարկը` հայտարարել էր, որ Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները: