Էրդողանն ու Քըլըչդարօղլուն նախընտրական հանրահավաքներ կանցկացնեն նույն օրը և նույն ժամին

Քեմալ Քըլըչդարօղլու
Թուրքիայի նախագահն ու ընտրություններում նրա գլխավոր մրցակիցը քարոզարշավ կանցկացնեն տարբեր վայրերում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ընտրություններում նրա գլխավոր մրցակիցը՝ ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, ընտրություններից մեկ շաբաթ առաջ Ստամբուլում հանրահավաքներ կանցկացնեն նույն օրը և նույն ժամին, բայց տարբեր վայրերում: Տեղեկությունը հայտնում է Haberler.com–ը։
«Քանի որ մայիսի 14-ի ընտրություններին հաշված օրեր են մնացել, առաջնորդների գրաֆիկներն ավելի հստակ են դարձել։ Նախագահ Էրդողանը և Քեմալ Քըլըչդարօղլուն մայիսի 7-ին Ստամբուլում հանրահավաք կանցկացնեն նույն ժամին, Էրդողանը` Աթաթուրքի օդանավակայանի ազգային այգում, իսկ Քըլըչդարօղլուն՝ Մալթեփե Օրհանգազի քաղաքային այգում», - գրում է լրատվամիջոցը և այս փաստը զարմանալի զուգադիպություն անվանում։
Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախատեսված են մայիսի 14-ին: Թեկնածուների ամփոփիչ ցուցակում ընդգրկվել են 69-ամյա Էրդողանը՝ որպես «Հանրապետական դաշինքի» թեկնածու, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» թեկնածու 74-ամյա Քըլըչդարօղլուն, «Memleket» կուսակցության առաջնորդ 58-ամյա Մուհարեմ Ինջեն և «Ata» դաշինքի 55-ամյա թեկնածու Սինան Օհանը:
Պուտինի և Էրդողանի հանդիպում դեռ չի նախապատրաստվում. Պեսկով