ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Ռուսական արտադրության ֆիլմերը Կինոյի օրերի շրջանակում՝ ապրիլի 28-ից մայիսի 7-ը, կցուցադրվեն Երևանում և Գյումրիում։
Մշակութային միջոցառումների մեկնարկը կտրվի Երևանում, որտեղ ապրիլի 28-30-ը մի քանի ցուցադրություն կկայանա: Գյումրիում մայիսի 5-7-ը կանցկացվեն ռուսական կինովարձույթի ռեկորդակիր դարձած «Չեբուրաշկա» գեղարվեստական ֆիլմի անվճար ցուցադրություններ: Ֆիլմը դիտել է 23,4 մլն հանդիսատես։
«Ներկայիս իրողությունների պարագայում ռուսական կինոյի համար նոր դռներ են բացվել այնպիսի տարածաշրջանների տեսքով, ինչպիսիք են Չինաստանը կամ Լատինական Ամերիկան։ Չինաստանում, օրինակ, ռուսական անիմացիայի մեծ պահանջարկ կա»,-Sputnik Արմենիայի թղթակցին ասաց «Ռոսկինո»-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Եկատերինա Նաումովան։
Նա նշեց, որ ռուսական ամենապահանջված ֆիլմը «Չեբուրաշկա»-ն է, որի հաջողության գաղտնիքը, նրա կարծիքով, ֆիլմի ջերմությունն ու մարդկայնությունն է:
«Պարզվեց, որ բարության մեծ պահանջարկ կա»,-նշեց Նաումովան։
«Ռոսկինո»-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատարը կարևորեց Հայաստանում ռուսական կինոյի օրերի անցկացումը, քանի որ դրանց շնորհիվ հայ հանդիսատեսը կծանոթանա ռուսական բովանդակությանը, իսկ դա իր հերթին կնպաստի երկու երկրների միջև մշակութային կապերի զարգացմանը:
«Կինոյի միջոցով մենք փորձում ենք փոխանցել մեր երկրի մշակութային կոդը։ Անցյալ տարի այս նախագիծը ամենահաջողված օֆֆլայն-նախագիծն էր: Ավելի քան 200 հազար մարդ է եկել կինոթատրոններ։ Հույս ունենք կրկնել այս հաջողությունը․․․ Մեր նպատակն է համատեղ ծրագրեր իրականացնել հայ գործընկերների հետ։ Շատ կուզենայինք համատեղ լավ կինո նկարահանել Հայաստանում։ Եվ մենք արդեն քննարկում ենք այդ հարցը»,-նշեց նա։
Այս տարի մի շարք կինոցուցադրություններ կանցկացվեն ֆիլմերի ստեղծողների մասնակցությամբ։ Այսպես, «Հանցակիցները» («Подельники») թրիլլերը կներկայացնեն գլխավոր պրոդյուսեր Գեորգի Շաբանովը և պրոդյուսեր Օլգա Երոֆեևան։ Գլխավոր պրոդյուսեր Յուրի Օբուխովը կպատմի «Մայաների օրացույցը» («Календарь ма(й)я») ֆանտաստիկ ֆիլմի մասին: Սեանսներից հետո հանդիսատեսը հնարավորություն կունենա ֆիլմերը քննարկել հայտնի կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանի հետ:
Հիշեցնենք, որ ռուսական կինոյի օրերը՝ Russian Film Festival (RFF) բրենդով, «Ռոսկինո»-ի կողմից՝ Ռուսաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ, անցկացվում են 2020 թվականից ի վեր: RFF-ի հիմնական նպատակն է օտարերկրյա հանդիսատեսին ծանոթացնել ժամանակակից ռուսական բովանդակության բազմազանությանը՝ տարբեր ժանրերի գեղարվեստական կինոյից և սերիալներից մինչև անիմացիա և վավերագրական ֆիլմեր: RFF-ի ձևաչափը ներառում է ինչպես առցանց ցուցադրություններ, այնպես էլ օֆֆլայն միջոցառումներ: