Ադրբեջանի քաղաքացիներն ապրիլի 28-ի երեկոյան կդադարեցնեն ակցիան Լաչինի միջանցքում. ԶԼՄ

Լաչինի միջանցքը փակած «էկոատիվիստները»
Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչը այսպես կոչված «էկոակցիայի» մասնակիցներին ասել է, որ ճանապարհի վրա անցակետի տեղադրումից հետո սկզբունքորեն նոր իրավիճակ է ստեղծվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի քաղաքացիները, որոնք 138 օր փակ են պահում Լաչինի միջանցքը, որոշել են այսօր` ժամը 18:00-ին, ժամանակավորապես դադարեցնել իրենց «էկոակցիան»։
Ինչպես հաղորդում է Sputnik Ադրբեջանը, Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովը ակցիայի մասնակիցներին հայտնել է, որ ապրիլի 23-ից հետո, երբ ճանապարհին անցակետ է տեղադրվել, սկզբունքորեն նոր իրավիճակ է ստեղծվել:
«Այդ իսկ պատճառով մասնակիցներին առաջարկվել է դադարեցնել ակցիան», - ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Այս տարվա փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց էր կիրառել` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։
2 ամիս անց այս որոշումը ոչ միայն չի կիրառվել, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ իր վերահսկողության տակ առնելով։