Ուշադրության տակ կլինի. ՄԻՊ–ը` Փաշինյանին «դավաճան» կոչած անձին աշխատանքից ազատելու մասին

Անահիտ Մանասյանը նշել է, որ անհրաժեշտության պարագայում դեպքի առնչությամբ արձանագրումներ կանեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Երևանի փողոցներից մեկում «դավաճան» բղաված երիտասարդի հետ կապված հարցերը կպահվեն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
Ալեն Սիմոնյանը բացատրել է` ինչպես է ստացվել, որ թքել է իրեն դավաճան անվանած քաղաքացու վրա
Նշենք, որ Սամվել Վարդանյան անունով մի երիտասարդ ՔՊ գրասենյակի մոտ տեսնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` «դավաճան» էր բղավել, ինչի արդյունքում նրան նախ բերման էին ենթարկել ոստիկանություն, ապա ազատել են աշխատանքից։
Անահիտ Մանասյանն ընդգծեց, որ անձին բերման ենթարկելուց հետո ՄԻՊ աշխատակազմ ահազանգ է եղել, որ ճշտեն, թե որտեղ է նա։
«Մենք անմիջապես իրականացրել ենք բոլոր ճշտումները, ներկայացրել ենք դրանք մեզ ահազանգած անձին։ Պատրաստակամություն ենք հայտնել նաև անհրաժեշտության դեպքում գնալ և տեսակցել անձին, սակայն այդ ժամանակ նա արդեն ազատ էր արձակվել։ Մեզ անհատական բողոք չի ներկայացվել, բայց մեր ուշադրության կենտրոնում կփորձենք հարցը պահել` հասկանալու համար, թե ինչու է քաղաքացին բերման ենթարկվել»,– ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։
Նրա խոսքով` իրենց հասած տեղեկությունների համաձայն` բերման ենթարկելու հիմքը չի եղել խոսքի ազատության հարցը։ Դեպքի վերաբերյալ, անհրաժեշտության պարագայում, արձանագրումներ կանեն։
Հիշեցնենք` սոցցանցերում ապրիլի 25-ին լուրեր տարածվեցին, որ մի քաղաքացի Երևանի փողոցներից մեկում տեսնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` բղավել է «դավաճան», ինչից հետո մի խումբ ոստիկաններ նրան բերման են ենթարկել ոստիկանություն։
Ստորագրեի՝ պիտի ասեին «Նիկոլ, դավաճան», չստորագրեի՝ պատերազմը սկսվելու էր․ Փաշինյան
Հաջորդ օրը պարզ դարձավ` երիտասարդը Սամվել Վարդանյան անունով մի քաղաքացի է, որին բերման էին ենթարկել սառը զենք պահելու կասկածանքով, սակայն որոշ հարցերի պատասխաններ ստանալուց հետո բաց էին թողել։
Նշենք, որ մինչև միջադեպը Սամվելն աշխատել է Երևանի հյուրանոցներից մեկում` որպես գիշերային ադմինիստրատոր, սակայն դեպքից հետո նրան ազատել են աշխատանքից։