Սուքիասյանն ընդդեմ Ավինյանի և սեփական խնամու. ի՞նչ է սպասվում երևանյան ընտրություններում

ԲՀԿ-ն, կարծես, հրաժարվել է սեփական թեկնածու ունենալուց:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը «տակից» աշխատում է Տիգրան Ավինյանի դեմ, ավելին՝ սեփական թեկնածուն է ունենալու Երևանի քաղաքապետի ընտրություններում։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
Նշվում է, որ թեև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ կուսակցական ակտիվի հետ հանդիպման ժամանակ ազդարարել էր Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկն ու հորդորել փոխանցել կուսակից ընկերներին, որ բոլորը պարտավոր են աշխատել ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանի հաղթանակի համար, սակայն իշխանական աղբյուրներն այլ բան են ասում։
Քվորում չեղավ. Երևանի ավագանին նոր քաղաքապետ չընտրեց
Հիշեցնենք, որ Ավինյանի և Սուքիասյանի հարաբերությունները լարվել են 2021-ի ԱԺ ընտրություններից առաջ, երբ Ավինյանը, նկատի ունենալով Սուքիասյանին և Գուրգեն Արսենյանին, հայտարարեց, թե դեմ է ՔՊ-ի ընտրացուցակում օլիգարխների ներառմանը և հրաժարվեց ցուցակում տեղ զբաղեցնել։
«Ի դեպ, Սուքիասյանն անգամ խնամու՝ Գագիկ Ծառուկյանի ռեսուրսը չի կարող տնօրինել՝ այստեղ Ավինյանի համար են աշխատելու, անկախ նրանից՝ Սուքիասյանն ում կպաշտպանի: Իսկ ԲՀԿ-ն կարծես հրաժարվել է սեփական թեկնածու ունենալուց»,–գրում է թերթը:
Հավելենք, որ Երևանի ավագանու ընտրությունները նախատեսված են 2023 թվականին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մարտի 31-ին հայտարարեց, որ Երևանի ավագանու ընտրություններում առաջադրելու է Տիգրան Ավինյանի թեկնածությունը։ Սեպտեմբերի 23-ին նա Երևանի փոխքաղաքապետ ընտրվեց։
Ընտրություններին կմասնակցեն նաև գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ ազգությամբ ռուս Նատալյա Ռոտենբերգը, որը վերջերս է Հայաստանի քաղաքացիություն ստացել, երգիչ Ռուբեն Հախվերդյանը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը։
Քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի նաև «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի վարչության անդամ Հայկ Գրիգորյանը։
ԱԺ նախկին պատգամավոր, ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը չի բացառել, որ կառաջադրի իր թեկնածությունը Երևանի քաղաքապետի ընտրություններում։
Իսկ «Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարել է, որ որոշել է մասնակցել և հաղթել Երևանի ավագանու ընտրություններում։